Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի բանախոսը Կարեն Զադոյանն էր
Մարտի 24-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի երրորդ դասընթացը, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, դասընթացը կրկին անցկացվեց հեռավար կարգով։ Դասընթացի թեման էր` «Կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուները՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում, պատժի անխուսափելիություն», բանախոսը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։
Կարեն Զադոյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյունների՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման, պատժի անխուսափելիությանն մասին՝ շեշտելով հակակոռուպցիոն պայքարում դրանց առանցքային դերը։ Անդրադառնալով դրանց իրականացման մեխանիզմներին՝ նշեց հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման կարևորությունը: Նա նաև հակիրճ կերպով ներկայացրեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-22 թթ միջոցառումների ծրագիրը», որոնցում արտացոլված են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյունների՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման, պատժի անխուսափելիության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մասին դրույթները:
Դասընթացի ավարտին ունկնդիրները ստացան իրենց առաջին առաջադրանքը։ Նրանց հանձնարարվեց ծանոթանալ հակակոռուպցիոն ոլորտի թե՛ ներպետական, թե՛ միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերին, ինչպես նաև ազդարարման հարթակներին՝ https://www.azdarar.am/, https://bizprotect.am/: Ինչպես նաև առաջիկա օրերին ունկնդիրներից յուրաքանչյուրը պետք է գրավոր կերպով ներկայացնի իր պատկերացումները կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուններից մեկի վերաբերյալ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: