«Միջազգային փորձ․ հաջողված երկրների պատմությունների ներկայացում, հակակոռուպցիոն անկախ մարմիններ»․ կայացավ ԵԱՀԴ հերթական հեռավար դասընթացը
2020 թվականի մարտի 31-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Միջազգային փորձ․ հաջողված երկրների պատմությունների ներկայացում, հակակոռուպցիոն անկախ մարմիններ», դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։
Կարեն Զադոյանը ներկայացրեց միջազգային փաստաթղթերում հակակոռուպցիոն դրույթները՝ անդրադառնալով ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 6-րդ և 36-րդ հոդվածներին, Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 20-րդ հոդվածին և Ջակարտայի սկզբունքներին։ Նշեց նաև հակակոռուպցիոն մարմինների կարևորագույն չափանիշները, ինչպես նաև ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասած երկրների, մասնավորապես՝ Լիտվայի, Լատվիայի, Հոնկոնգի և Սինգապուրի փորձը։
Սինգապուրյան հրաշքի մասին խոսելիս դասախոսը նշեց, որ հասարակության անհանդուրժողականությունը հակակոռուպցիոն պայքարում ամենաարդյունավետ միջոցներից է։ Հիշյալը հիմնավորվեց նաև հետևյալ օրինակով․ «Սինգապուրում ազգային զարգացման նախարար Տե Չին Վանը մեղադրվում էր կաշառք տալու համար և վարչապետի մտերիմ լինելը նրան չազատեց պատասխանատվությունից: Վերջինս ձերբակալվեց, իսկ վարչապետի հետ հանդիպման խնդրանքը մերժվեց, ինչից հետո Տե Չին Վանը ինքնասպանություն գործեց, իսկ նրա կինը և դուստրը հեռացան Սինգապուրից՝ չնայած ընտանիքների մտերմությանը» ։
Ունկնդիրները ներկայացրեցին նախորդ դասընթացի շրջանակում իրենց հանձնարարված առաջադրանքները, այնուհետև ստացան թեմայից բխող հաջորդ խմբային հանձնարարությունը։