Գողացված ակտիվների վերադարձի ինստիտուտի ներկայացում. միջազգային փորձ և ՀՀ-ում գործարկման մեխանիզմներ․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը
2020 թվականի ապրիլի 23-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Գողացված ակտիվների վերադարձի ինստիտուտի ներկայացում. միջազգային փորձ և ՀՀ-ում գործարկման մեխանիզմներ, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ հիմնական փուլերով.
Նախաքննության փուլ․ Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ և սկսում է հետախուզություն իրականացնել բացահայտելու համար ստացված տեղեկատվության հավաստիությունը: Այս փուլում ֆինանսական հետախուզությունը բացառիկ նշանակություն ունի բացահայտելու, թե արդյոք նախնական տեղեկատվությունը հավաստի տվյալներ է հաղորդում գողացված ակտիվների և դրանց պոտենցիալ գտնվելու վայրի վերաբերյալ: Այս փուլում էական նշանակություն ունի հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք հանցագործություն է տեղի ունեցել և ո՞վ է կատարել նշյալ հանցագործությունը:
Դատաքննության փուլ. Այս փուլը սկսվում է այն ժամանակ, երբ քննչական և դատախազական մարմինները ավարտել են իրենց գործը և այն դատարանին հանձնել: Այս փուլը իր մեջ ներառում է դատավարությունը և վճռի կամ դատավճռի հրապարակումը: Եթե մեղադրյալ դատապարտվում է հանցագործության կատարման մեջ, դատարանը եզրափակիչ դատական ակտում որոշում է կայացնում բռնագանձել հանցագործության կատարման հետևանքով ձեռք բերված ակտիվները: Իրավական ակտի անբողոքարկելիության պարագայում ակտիվների կարգավիճակը «սառեցված»-ից փոխակերպվում է «բռնագանձվող»-ի:
Վերադարձի փուլ․ Ակտիվները վերադարձվում են իրենց օրինական սեփականատերերին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված ակտիվներ կիսելու պարտավորությունները և բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները: Այս փուլում կարևոր է որոշել վերադարձի ենթակա ակտիվների ծավալը և մեթոդները:
Դասընթացի ավարտին ունկնդիրները ստացան իրենց հերթական խմբային առաջադրանքը։