Վեթինգը անցյալին չի վերաբերում, այն ապագայի գործիք է․ Կարեն Զադոյան

Դատական բարեփոխումների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ մայիսի 19-ին, մասնագիտական իր տեսակետն է հայտնել «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։

Նա նշել է, որ ասոցիացիան դեռ 1,5 տարի առաջ էր կառավարությանը և Ազգային ժողովին առաջարկել քննարկել վեթինգ անցկացնելու մեխանիզմները՝ արված ուսումնասիրությունների հիման վրա։

Կարեն Զադոյանի խոսքով՝ կարևոր է հաշվի առնել բոլոր ռիսկերը և սահմանել վեթինգի իրականացման առաջնահերթությունները։ Պետք է ընտրել՝ գնալ «փափուկ», թե համատարած վեթինգի իրականացման ճանապարհով։ 

«Գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս 2 տիպի մարմիններ ստեղծել՝ անկախ (օրինակ՝ ՄԻՊ գրասենյակ) և ինքնավար (օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Արդյո՞ք կարող ենք դատավորների վեթինգի իրականացման համար նոր մարմին ստեղծել։ Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև նույն Սահմանադրությունը սահմանում է, որ ԲԴԽ-ն է իրավասու որոշել դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և միայն ԲԴԽ-ն կարող է լուծել դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։ Վեթինգի իրականացման գործառույթները սահմանադրական ներկա կարգավորումներով գտնվում են ԲԴԽ-ի լիազորությունների դաշտում»,-նշել է նա։

Կարեն Զադոյանի խոսքով՝ վեթինգին լեգիտիմություն տալու համար անհրաժեշտ է ներգրավվել նաև հասարակական կազմակերպություններին և իրավաբան գիտնականներին․ «Իհարկե սա «փափուկ» վեթինգ է և ժամանակը ցույց կտա, թե որքանով է այն արդյունավետ լինելու․․․ Վեթինգը անցյալին չի վերաբերում, այն ապագայի գործիք է։ Այն պետք է զուգակցվի նաև դատական համակարգի կառուցվածքային փոփոխությունների հետ»,֊նշել է նա։