Մեր նպատակը մեկն է՝ զարգացնել հակակոռուպցիոն գիտելիքները, փորձը. Կարեն Զադոյանը՝ հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին
Սեպտեմբերի 30-ին առցանց հարթակում տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» անդրանիկ հեռավար քննարկումը:
Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» շրջանակներում այժմ հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից:
Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա բացման խոսքով հանդես եկավ, որի ընթացքում ողջունեց երիտասարդների՝ հակակոռուպցիոն կրթություն ստանալու ցանկությունը, խորհուրդ տվեց դասընթացից քաղել առավելագույնը, հակակոռուպցիոն գիտելիքներ, փորձ և հարթել սեփական մասնագիտական ճանապարհը:
«Ապագան բարեվարքությանն է: Հետևապես մեր նպատակը մեկն է՝ զարգացնել հակակոռուպցիոն գիտելիքները, փորձը»,- նշեց Կարեն Զադոյանը:
Մասնակցիները հայտնեցին իրենց ոգևորությունն ու երախտագիտությունը, շեշտեցին, որ անելու են ամեն պահանջվողը՝ դպրոցի երկրորդ՝ խորացված ուսուցման փուլին մասնակցելու համար:
Իր ողջույնի խոսքում հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը քաջալերեց երիտասարդներին՝ վստահ լինելով, որ հակակոռուպցիոն պայքարում ապագայում նրանք կասեն իրենց խոսքը:
Հակակոռուպցիոն փորձագետ, դասընթացավար Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ սպասում է խորացված ուսուցման փուլին, ինչը հնարավորություն կտա կենդանի շփում ունենալ մասնակիցների հետ, ինչպեսև կազմակերպել մասնագիտական քննարկումներ:
Հակակոռուպցիոն դպրոցի դասընթացավար Մարիամ Զաքարյանը երիտասարդների հետ կիսվեց իր հակակոռուպցիոն կրթության փորձով, շեշտեց դրա կարևորությունն ինչպես անձնական, կրթական, այնպես էլ մասնագիտական կյանքում:
Վերջում հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: