Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի մասնակիցները հանդիպել են Արդարադատության նախարարության ներկայացուցչին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, առցանց հարթակում կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի մասնակիցների հանդիպումը ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի հետ:

Մարիամ Գալստյանը խոսքը սկսեց իր ղեկավարած վարչության գործունեության ընդհանուր ուղղությունների ներկայացումից, երիտասարդներին իրազեկեց ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի և օրենսդրական ապահովման ողջ գործընթացի մասին:

Ունկնդիրները բանախոսին ուղղեցին իրենց հարցերը, որոնք մեծամասամբ կապված էին հենց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարաննների ներդրման հետ: Մասնավորապես, բարձրացվեցին այս մարմինների աշխատակիցների աշխատավարձի, աշխատանքի շենքային և այլ պայմանների ապահովմանը վերաբերող հարցերը:

Մարիամ Գալստյանը փաստեց, որ պատերազմական իրավիճակն ունեցել է իր ազդեցությունը ներպետական հարցերի կարգավորման վրա՝ միաժամանակ նշելով, որ լիահույս է, որ ամեն գործընթաց կշարունակվի իր նախանշված հունով և կհասնի ակնկալվող արդյունքին:

Հոգեպես ծանր վիճակով հանդերձ հարկ է շարունակել աշխատաքները:

Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: