Տեղական ինքնակառավարման մարմինների խումբ
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ավարտին կազմավորվեց Տեղական ինքնակառավարման մարմիններ աշխատանքային խումբը: Խմբի համակարգող Վանատուր Շերենցը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և բացահայտման շրջանակներում «Երևան համայնքի կողմից թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանումը նվիրատվությունների և նվիրաբերությունների համատեքստում (2018-2020)» խորագրով հետազոտական ծրագրի գաղափարը ծնվել է հենց դասընթացի ժամանակ, երբ որպես գործնական առաջադրանք ուսումնասիրվել է 2019 թվականի աշնանը տարբեր իրավաբանական անձնանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրատվություն հանձնված 17 աղբատարների աղմկահարույց գործը։
Իսկ ՏԻՄ-երում, մասնավորապես՝ Երևան համայնքում կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերհանման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ու համապատասխան գործիքակազմի մշակման թեմայի ընտրությունը խմբակիցները պայմանավորում են խնդրի հրատապությամբ ու արդիականությամբ, քանի որ թեպետ ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահումներ չի արձանագրել, սակայն կոռուպցիոն սկանդալի շուրջ կրքերը ցայսօր չեն հանդարտվում։
Հետազոտություն իրականացնող խումբը՝ ի սկզբանե կազմվելով ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներից, թեմայի շրջանակներում ՏԻՄ կոռուպցիոն դրսևորումներն ու սխեմաները նպատակ է դրել բացահայտելու միջգիտակարգային մոտեցմամբ՝ կիրառելով հստակ մշակված մեթոդաբանություն (քանակական և որակական հետազոտություն՝ հիմնված խորին հարցազրույցների, պաշտոնական կայքի մշտադիտարկման, սոցիոլոգիական հարցումների վրա՝ ներգրավելով ավագանու անդամներին և վարչական կազմի աշխատակիցներին):
«Ուսումնասիրության թեման և առաջքաշված խնդիրը չափազանց կարևորում ենք, քանի որ խորապես համոզված ենք, որ ՏԻՄ-երում կոռուպցիան և կոռուպցիոն դրսևորումները չափազանց հեշտ է կանխել, եթե առկա է համապատասխան նախադեպ, իսկ երևանյան օրինակի հանգամանալից հետազոտությամբ հնարավոր է հետագայում կանխարգելել նմանատիպ դեպքերի կրկնությունը նաև այլ համայնքներում»,- փաստեց Վանատուրը՝ հավելելով, որ մյուս կողմից՝ չափազանց կարևոր է, որ նման գործերը լինեն հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ այդպես է կայանում պահանջատեր քաղաքացիական հասարակությունը՝ տեղական ժողովրդավարության ու որակյալ կառավարման առաջընթացի նպաստավոր նախապայմաններ ստեղծելով ՏԻՄ մարմինների համար: