«Արցախյան երկրորդ պատերազմը և կոռուպցիան» խորագրով տեսաքննարկում
«Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն շրջանավարտների ակումբ» հարթակը, որը ստեղծվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ի 6 հոսքերի շրջանավարտների համախմբման, փոխադարձ կապի ամրապնդման և համագործակցության խթանման նպատակով, մեկնարկել է թեմատիկ քննարկումների շարք՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման արդի հիմնախնդիրներին և այդ համատեքստում՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Հունվարի 14-ին ակումբի անդրանիկ տեսաքննարկումն իրականացվել է «Արցախյան երկրորդ պատերազմը և կոռուպցիան» խորագրի ներքո։ Քննարկմանը մասնակցել և վարել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը՝ բացման խոսքում կարևորելով հարթակի ձևավորումն ու հակակոռուպցիոն առաջնորդների կողմից հրատապ խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը։
Քննարկման մասնակիցները մտագրոհի ու կարծիքների փոխանակման ձևաչափով նախ անդրադարձել են 44-օրյա պատերազմում Արցախի կրած պարտության պատճառներին, վերհանել պաշտպանական գերատեսչությունում և Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումները, ներկայացրել և փաստարկներով հիմնավորել բանակաշինության գործում կոռուպցիայի բացասական դերն ու անմիջական ազդեցությունը։ Մասնակիցները զուգահեռ են անցկացրել Ադրբեջանի հետ, խնդիրը դիտարկել աշխարհաքաղաքակության համատեքստում, վերհանել հետխորհրդային Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի հաջողություններն ու թերությունները՝ մատնանշելով հակակոռուպցիոն քաղաքականության ուղղակի կապը անվտանգային համակարգի հետ։
Քննարկման երկրորդ մասը նվիրվել է առաջ քաշված խնդիրների լուծմանն ու առաջարկությունների ներկայացմանը։ Ըստ այդմ՝ ակումբի անդամները կարևորել են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, այն բարձրաձայնելու և հանրության լայն շրջանակներին լսելի դարձնելու հրամայականը, իշխանությունների քաղաքական կամքը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, հակակոռուպցիոն կրթության անհրաժեշտությունն ու այդ հարցում՝ հակակոռուպցիոն երիտասարդ առաջնորդների դերն ու գործուն մասնակցությունը։