Հետևողական ենք լինելու մեր կողմից ազդարարված հակակոռուպցիոն բարեփոխումները մինչև վերջ հասցնելու գործում. Կարեն Զադոյան. 1in.am
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։ Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը, որը երեկ մանրամասն քննարվել է առցանց համաժողովում, որին մասնակցում էին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ։
Թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։
–Պարոն Զադոյան, երեկ հրապարակվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի զեկույցը։ Հայտնի է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված 48 միջոցառումներից միայն երկուսն են ամբողջությամբ կատարվել, իսկ մնացյալ 46-ը ենթակա են կատարման մինչև 2022թ.: Որքանո՞վ արդյունավետ են իրականացվում ռազմավարությամբ նախատեսված գործողությունները։
-Այո, ապրիլի 20-ին, հրապարկվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից պատրաստված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգի զեկույցը։ Զեկույցը ներկայացվել է առցանց համաժողովում, որին մասնակցել են պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ։ Այո, ռազմավարությամբ նախատեսված 48 գործողություներից ամբողջապես իրականացվել են 2-ը, քանի որ դրանց ավարտը նախատեսված է եղել 2020թ-ը, իսկ մնացյալ գործողություները նախատեսվում է ամբողջությամբ իրականացնել մինչև 2022թ-ը ներառյալ:
Մոնիթորինգի արդյունքները փաստում են, որ ձևական առումով թեև մի շարք գործողություններ կատարվել են, սակայն բովանդակային, որակական արդյունքի տեսանկյունից դրանք չեն կատարվել և փաստացի չեն լուծել ռազմավարությամբ նախատեսված այն խնդիրները, որոնց իրականացման համար նախատեսված էին:
Օրինակ` ռազմավարության առաջին գործողությամբ նախատեսված է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում: Թեև ձևական առումով միջոցառումը գնահատվում է ամբողջովին կատարված, բայց բովանդակային առումով առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, 2019 թվականին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որի արդյունքում վերացվեց անկախ մրցութային խորհուրդը, հետևապես՝ խորհրդի կողմից ԿԿՀ-ի անդամների նշանակման կարգը: Այս փոփոխությունների ուժով՝ ԿԿՀ-ն կազմավորվեց անդամների ուղղակի առաջադրմամբ՝ հետևյալ սուբյեկտների կողմից․ մեկական անդամի թեկնածուներ առաջադրեցին ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի երեք խմբակցությունները («Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստանը» և Լուսավոր Հայաստանը») և Բարձրագույն դատական խորհուրդը: Առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին։
Արդյունքում, ԿԿՀ-ը ստեղծվեց բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում` առանց ինստիտուցիոնալ անկախության ապահովման, մինչդեռ այն մասնագիտացված կառույց է, և նրա նշանակումները պետք է լինեն բացառապես մասնագիտական տիրույթում, այլ ոչ թե քաղաքական: Մասնագիտացված ՔՀԿ-ները այս կապակցությամբ բազմիցս նշել են, որ ԿԿՀ առաջին կազմի ձևավորումը՝ ոչ մրցակցային, քաղաքական պայմանավորվածությունների միջոցով, խիստ խոցելի է: ՔՀԿ-ները նշեցին նաև, որ անկախ մրցութային խորհուրդ ունենալու իրավական կարգավորումը ՏՀԶԿ-ի կողմից նույնպես բարձր էր գնահատվել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում. Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ» զեկույցում, որը հրապարակվել էր 2018 թվականի հոկտեմբերին։
Բացի այդ, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի վերաբերյալ 4-րդ գնահատման զեկույցում, ի թիվս այլոց (ներառյալ դատական և դատախազական համակարգը), ԳՐԵԿՈ-ն անդրադարձել է ԿԿՀ-ի անկախությանը, նշելով, որ «ԱԺ-ի կողմից ընդունված նոր օրենքը ԿԿՀ անդամների նշանակման գործընթացից հեռացնում է մրցութային հանձնաժողովին և ներդնում ուղղակի առաջադրումների համակարգ: Նման մոդելի հիմնական մտահոգությունը բևեռացման զգալի ռիսկն է։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կարևոր գործոն է, քանի որ քաղաքական միջամտությունից և ազդեցությունից դրանց մեկուսացումը հանդիսանում է մարմինների արդյունավետության ապահովման հիմնական սկզբունք: ՔՀԿ-ները ներկայումս առաջադրման կամ ընտրության գործընթացում ներկայացված չեն: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել ԿԿՀ-ի մեծամասնությունը: ԳՐԵԿՈ-ն հորդորում է իշխանություններին ապահովել ԿԿՀ-ի անկախությունը, մասնավորապես` հավասարակշռված և կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով:»
2020 թվականին ՀՀ ԱԺ-ը փոփոխեց օրենքը և կրկին նախատեսեց անկախ մրցութային խորհրդի ինստիտուտը, միայն թե այն կիրառելի կլինի ԿԿՀ-ի երկրորդ կազմի դեպքում։
Բացի այդ ռազմավարության մոնիթորինգի և գնահատման համակարգը բավական թերի է, որը հնարավորություն չի տալիս գնահատել հակակոռուպցիոն խնդիրների ու նպատակների իրական և որակական արդյունքները, չափել միջնաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև ռազմավարությամբ ամրագրված մոնիթորինգի և գնահատման ցուցանիշները հիմնականում գնահատվում են գործողությունների իրականացման մակարադակը, որը շատ խոցել է:
–Որոնք են եղել մոնիթորինգի արդյունքում ձեր կողմից արված առաջարկները։
Մոնիթորինգի արդյունքում մեր առաջարկություները երկու տիպի են` մեթոդական և բովանդակային:
Մեթոդական առաջարկություներն են.
Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսվող գործողությունների մշտադիտարկման ենթակա ինդիկատորները հիմնականում ներառում են ելքային մակարդակի ինդիկատորներ (output level indicators)։ Այս ինդիկատորները հիմնականում վերաբերում են նրան, թե արդյոք Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսված այս կամ այն գործողությունը կատարվել է, թե՝ ոչ, այնինչ գործողության և ակնկալվող արդյունքի կապի վերաբերյալ ինդիկատորները հիմնականում բացակայում են։ Սա ենթադրում է, որ կատարված գործողությունների ազդեցության գնահատում չի իրականացվում և չի գնահատվում, թե արդյոք գործողության կատարումը հանգեցրել է ցանկալի արդյունքին/արդյունքներին։ Օրինակ, սույն զեկույցում ներկայացված գործողություններ 1, 2, 3, 11-ի վերլուծություններն ու գնահատակաները թույլ են տալիս եզրակացնելու որ այդ ինդիտակուրները ամբողջապես հնարավորություն չեն ընձեռում գնահատել կատարված գործողություների որակական ասպեկտները։ Այս իսկ պատճառով, որպես Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման արդյունավետության չափման ինդիկատորներ առաջարկում ենք ներառել նաև ազդեցության մակարդակի ինդիկատորներ (impact level indicators), որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել, թե արդյոք իրականացված գործողությունները հանգեցրել են ցանկալի արդյունքներին և ինչպիսի ազդեցություն են ունեցել երկարաժամկետ հատվածում։
Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսվող գործողությունների մի մասը չունեն վերստուգիչ ցուցանիշներ, ինչը հնարավորություն չի տալիս պարզել կոնկրետ ժամանակահատվածում իրականացված գործողության իրական ծավալը և իրական ազդեցությունը։ Առաջարկում ենք, բոլոր այն միջոցառումների համար, որոնց դեպքում նախատեսված չեն վերստուգիչ ցուցանիշներ, վերանայել և նախատեսել այդպիսիք։
Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների կատարողականը գնահատելու և մշտադիտարկելու նպատակով որոշ վերստուգիչ ցուցանիշների համար հիմք են ընդունվում մեկ աղբյուրից տրված գնահատականները, ցուցիչները, և համեմատականներ չեն կատարվում այլ վստահելի աղբյուրների կողմից տրված արդյունքների, տեղեկությունների հետ։ Առաջարկում ենք վերստուգիչ ցուցանիշների ստուգման նպատակով համադրել մի քանի աղբյուրներից տրամադրած տեղեկությունները՝ գործողությունների կատարողականը արդյունավետ գնահատելու համար։
Բովանդակային առաջարկություներն են.
Ընդունել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և նախատեսել ԿԿՀ-ին որպես կենտրոնական մարմին, որը կհամակարգի և կվերահսկի Բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեությունը, ներառյալ՝ նրանց համար դասընթացների կազմակերպումը:
Ընդունել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` հանրությանը հասանելի դարձնելով ԿԿՀ-ի կողմից իրականացված հանրային ծառայողների բարեվարքության ստուգման արդյունքները՝ պահպանելով անձնական տվյալները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Իրականացնել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևավորման և կարողությունների իրական գնահատում, վեր հանել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդգրկված ՀԿ-ների անդամակցության, ինչպես նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Խորհրդին անդամակցության արհեստական խոչընդոտների ոչ իրավաչափ հիմքերը և դրանց արդյունքում կայացնել համապատասխան իրավաչափ որոշումներ։
Ընդունել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ և քաղաքացիական ծառայողների, խորհրդարանի անդամների և քննիչների վարքագծի կանոններ:
Ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց «ընտանիք» եզրույթի շրջանակը՝ նախատեսելով պաշտոնատար անձի հետ սերտ առնչություն ունեցող այնպիսի անձանց, ինչպիսիք են ամուսնու/կնոջ ծնողը, երեխան, եղբայրը կամ քույրը, ինչպես նաև կնքահայր-սանիկ հարաբերություններում գտնվող անձինք։
Վերապատրաստել հիմնական շահագրգիռ կողմերի (քաղաքականություն մշակողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, գիտական հաստատություններ, լրատվամիջոցներ, պետական պատվիրատուներ, բիզնեսներ) ներկայացուցիչներին հակակոռուպցիոն և բարեվարքության թեմաներով՝ նպաստելով վերջիններիս կարողությունների ուժեղացմանը։
Վերանայել Հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը՝ ըստ սույն զեկույցում ներկայացված մեթոդական և բովանդակային առաջարկների, ինչպես նաև՝ Արցախյան 2020 թվականի պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի և առաջացած մարտահրավերների լույսի ներքո։
–Կարո՞ղ ենք ասել, որ 2022 թվականին մենք կունենանք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ և հստակ արդյունք և ինչ է պետք դրա համար։
Կարելի է ասել, որ հիմնական մեխանիզմները նախատեսված են ռազմավարությամբ, սակայն այլ բան է դրանց իրականացումը: Արդյունքները կախված են լինելու կադրերից, ովքեր իրականացնելու են բարեփոխումները և ղեկավարելու են բարեփոխումներով նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգով նախատեսված ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինների գործունեությունը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդմաների ընտրության տխրահռչակ կարգը ի սկզբանե աղավաղեց Հանձնաժողովի առաջին կազմի ձևավորումը, քանի որ իշխող քաղաքական ուժը ներկայացնող ԱԺ ղեկավարությունը տապալելով Հանձնաժողովի անդամների ընտրության բաց մրցութային կարգը, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելով խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերի ղեկավարների հետ, ձևավորեցին քաղաքականցված, իրենց հետ փոխկապակցված և իրենցից կախման մեջ գտնվող անդամներից բաղկացած Հանձնաժողվի կազմ: Հիմա, ինչպես կարելի է նման կազմից ակնկալել, որ Հանձնաժողովը ի վիճակի կլինի արդյունավետորեն պայքարել քաղաքական կոռուպցիայի դեմ և բարեխղճորեն ու անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները: Նույն մտավախություները ունենք նաև ձևավորված և/կամ ձևավորվելիք մյուս հակակոռուպցիոն մարմինների դեպքում ևս` այդ թվում Հակակոռուպցիոն կոմիտեի:
Սակայն Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի մյուս անդամները ևս, չեն վհատվում, քանի, որ ունենք համապատասխան տեսլական, կամք և ներուժ, դեռևս հինգ տարի առաջ, մեր կողմից ազդարարված հակակոռուպցիոն բարեփոխումները հասցնել մինչև վերջ: