Եվս 2 ՀԿ միացան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային․ կայացավ կառավարման խորհրդի նիստ
2019 թվականի մայիսի 21-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց Կոալիցիային՝ անդամակցության հայտ ներկայացրած երկու ՀԿ-ների դիմումները։ Այս նպատակով նիստին հրավիրվել էին նաև հայտ ներկայացրած ««Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» և «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ների նախագահներ Տիգրան Մաթևոսյանը և Մարիամ Չախոյանը։ Քննարկման արդյունքներով, Կառավարման խորհուրդը որոշեց հաստատել հիշյալ երկու կառույցների անդամակցությունը Կոալիցիային։
Օրակարգային հարցերից էր նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի աշխատանքների ներկայացումը և առաջիկա անելիքների քննարկումը։ Հարցը զեկուցեց Հանձնաժողովի նախագահ Մովսես Արիստակեսյանը։ Քննարկումների արդյունքում, որոշվեց հաստատել հանձնաժողովի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և առաջիկա անելիքները։ Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց մայիսի 24-ին Ազգային Ժողովում կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Կոալիցիայի մասնակցության կարևորության մասին։ Վերջինս նաև նշեց, որ ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրվել է մասնակցելու և որպես հիմնական զեկուցող ներկայացնել ԻՀԱ զեկույցը՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում` միջազգային փորձի լույսի ներքո»։ Կառավարման խորհուրդը կարևորեց մասնակցությունը ԱԺ խորհրդարանական լսումներին այն տեսանկյունից, որ այս հանրային քննարկումը հնարավորություն կտա Կոալիցիային ներկայացնել սեփական դիրքորոշումն ու օրակարգը՝ Հայաստանում անցումային արդարադատության իրականացման եղանակների և մեխանիզմների մասին։ Կառավարման խորհուրդը քննարկեց նաև այն հնարավորությունը, որ Կոալիցիան պատրաստակամ է ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին օժանդակել և տրամադրել փորձագիտական աջակցություն՝ ՀՀ-ում անցումային արդարադատության հայեցակարգերի մշակման հարցում։
Կառավարման խորհուրդը քննարկեց նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացման հարցերով հանձնաժողովի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Հարցը զեկուցեց Հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը։ Վերջինս կառավարման խորհրդին ներկայացրեց Հանձնաժողովի կողմից մշակած այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա տեղի է ունենալու Կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացումը։
Կառավարման խորհրդի նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր։