Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան չի մասնակցելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի աշխատանքներին
2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ):
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ սույն թվականի հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին:
Ավելին, Կոալիցիան կասկածի տակ է դնում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Ուստի, Կոալիցիան կոչ է անում Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում: Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետևաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եվ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել:
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
«08» հունիսի, 2021