Արդարադատության նախարարն իր տեղում չէ․ Արկադի Սահակյանը՝ ՔՀԿ-ների հետ «համագործակցության» մասին
Արդարադատության նախարարը չի տիրապետում երկրի պրոֆեսիոնալների կազմին ու չի տիրապետում այն ռեսուրսին, որը միշտ սատար է եղել պետության օրինականության կերտման գործում։ Այս մասին հայտնեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանը։
«Թող փոխի իր խորհրդականներին, որովհետև առնվազն այն համագործակցությունը, որը միշտ եղել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ, և այն օրենքների քանակը, որոնք փոփոխության են ենթարկվել և շտկվել են, բերվել միջազգային ստանդարտների, դա միայն արվել է կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով։ Այս ամենին չտիրապետելը նշանակում է, որ նախարարն իր տեղում չէ, կամ իր տեղակալները տեղում չեն, կամ իր գործունեությունը հնարավորություն է տալիս կասկածելու, որ իրենց «համագործակցությունն» իրականացնում են խիստ սահմանափակ մարդկանց հետ, որը չի բխում մեր երկրի շահերից»,-ասաց նա։
Արկադի Սահակյանը նաև նշեց, որ ինքը քննարկմանը մասնակցելու հրավեր չի ստացել։
Հավելենք, որ Արկադի Սահակյանը 2019 թվականի մայիսի 24-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ խոսել է անցումային արդարադատության մասին՝ նշելով, որ Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստ է ստանձնել անցումային արդարադատության մեխանիզմների մշակման էքսպերտային գանահտումը և վերահսկողությունը։
——————————
Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։
Լուսանկարներում՝ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Արկադի Սահակյանը