Արդարադատության նախարարությունն այդ քննարկմանը հրավիրել էր ՔՀԿ-ների օլիգոպոլ ցանցի ներկայացուցիչների․ Մովսես Արիստակեսյան

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

Ի«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ինքն այդ քննարկմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

«Տեսա ու խիստ վրդոհվեցի։ Արդարադատության նախարարությունն այդ քննարկմանը հրավիրել էր ՔՀԿ-ների օլիգոպոլ ցանցի ներկայացուցիչների, այսինքն այդ 4-5 ՀԿ-ներն են, որ միշտ սիրված են իշխանությունների և դոնոր հանրության կողմից, միշտ իրենցից դրամաշնորհ են ստանում, միշտ իրենք ներկա են, միշտ իշխանություններին հաճելի կարծիք են ասում»,-ասաց Մովսես Արիստակեսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները բոլորովին ցույց չեն տալիս, որ կարող են քաղհասարակության դերակատար բոլոր կազմակերպությունների հետ աշխատել, նամանավանդ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ, ով մեծ ներդրում ունի հենց դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում, որի առաջարկությունների մեծ մասը հիմք են դարձել այդ ռազմավարություններում։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովում,  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ քննարման մասին նշել է․ «Այս երկրում ով որ վեթինգից ինչ-որ բան հասկանում է, ամենախելոք մարդիկ երեկ հավաքվել են, արդյունքները դեռ չենք ամփոփել, 1-2 օրվա մեջ իրենք կներկայացնեն՝ ինչ հասկացան փորձագետները՝ դա հնարավոր է, թե չէ։ Եթե հնարավոր է՝ մենք օրերի մեջ կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չի՝ մենք արդեն կմտածենք սահմանադրական բարեփոխումների հետ մտածել էդ հարցով»։ 

Մովսես Արիստակեսյանը նշեց, որ մեծ հույսեր է ունեցել, երբ Անդրեասյանը արդարադատության նախարար է նշանակվել, ավաղ, դրանք ի չիք են դարձել։ «Նախարարը չի տիրապետում դաշտը, չի իմանում, թե այդ ռազմավարությունների մշակման գործում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ով ինչ ներդրում ունի և սխալ ուղով է գնում։ Ավելին, վերջերս իր տեղակալին՝ Սուրեն Գրիգորյանին նամակ եմ գրել՝ կապված դատավորների բարեվարքության հարցով, թե ինչու ճիշտ քայլեր չեն անում, ու ինձ մի խուսագիր են ուղարկել»,-ասաց նա։

Հավելենք նաև, որ Մովսես Արիստակեսյանը ելույթներ է ունեցել նաև 2019 թվականի մայիսի 24-ին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճու, երբմ անցկացվում էին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները, 2020 թվականի փետրվարի 26-ին՝ Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի թեմայով լսումների ժամանակ՝ խոսելով անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի մասին։

Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։

Լուսանկարներում՝ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը