Կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի կրթական առցանց գործընթացի ամփոփումը
Նոյեմբերի 3-ին, առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն դպրոցի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի կրթական առցանց գործընթացի ամփոփումը, որը վարում էր Դպրոցի դասախոս, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Հանդիպման սկզբում Սյուզաննա Սողոմոնյանը ողջունեց ունկնդիրների ոգևորվածությունը և բարձրացրած հարցերի դիպուկությունը, հորդորեց շատ կարդալ, շատ տեղեկություն ունենալ, որի հիման վրա էլ ձևավորել քննադատական մտածողություն և փաստարկված կարծիք։
Ունկնդիրների հետ քննարկվեց Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունն ու դրա ուղղվածությունը, ինստիտուցիոնալ լուծումները և առկա մարտահրավերները։ Ընտրված թեմաների շուրջ մենթորների օժանդակությամբ ունկնդիրները աշխատանքային խմբերի շրջանակներում կատարում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները կներկայացնեն Դպրոցի փակման արարողության ընթացքում։