Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դաշտում իր կարևոր դերակատարումն ունի․ Արփինե Հակոբյան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դաշտում իր կարևոր դերակատարում ունի։ Այս մասին ասաց «ՀԿ կենտրոնի» նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 2-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկմանը՝ Արփինե Հակոբյանը նշեց․ «Անկեղծ ասած, շատ կառուցողական առաջարկների քննարկում չեղավ, ընդհանուր ներկայացվեց, թե ինչ է արվել։ Քննարկումն արդյունավետ էր գոնե այն տեսանկյունից, որ որոշակի վիճակագրություն ներկայացրեցին, օրինակ, բարեվարքության եզրակացությունների հաշվի առնվման հետ կապված, բայց հստակ, թե ինչ կարելի է անել՝ արդյունավետ չէր»,-ասաց Արփինե Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ այնուամենայնիվ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պետք է հրավիրված լիներ քննարկմանը։

«Անկախ ամեն ինչից, որովհետև դաշտում կարևոր դերակատարում ունի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և բացառել միջոցառումից՝ իմ կարծիքով ճիշտ չէ։ Առավել ևս, երբ հայտարարությամբ հանդես ենք եկել, որտեղ կան հստակ առաջարկներ և կարելի էր առաջարկները դնել քննարկման ավելի լան շրջանակների հետ»,-ասաց նա։

Կոալիցիայի կողմից նոյեմբերի 1-ին արված հայտարարության մասին՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ, Արփինե Հակոբյանը նշեց, որ թե՛ վերլուծության, թե՛ առաջարկների փաթեթի հետ հիմնականում համաձայն է։

«Եթե ընդհանուր կարծիք հայտնեմ՝ անցումային արդարադատության ինստիտուտի շրջանակներում բարեվարքությությունը որպես լայն հասկացություն պիտի դիտարկենք և այն ոչ միայն դատավորի ազնվության և դատական բարոյականության ստուգումն է, այլ հենց վեթինգի իրականացումը, որը, ըստ իս, ստուգում և զտում է ենթադրում ու այս պարագայում վեթինգը շատ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորագույն տարր է։ Վեթինգի ներդրումը կարող է շատ համակարգերի բարեփոխման հանգեցնել»,-ասաց Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը։

Նա նաև նշեց, որ եզրակացույթունները խիստ գաղտնի են ու այդ գաղտնիության շրջանակում անհնար է հանրային արդյունավետ վերահսկողություն իրականացնել, վերլուծել, հասկանալ, թե ինչ եզրակացություններ են տրամադրվում, դրանք հաշվի առնվում են, թե՝ ոչ և որքանով է ամբողջական տեղեկատվությունը։

«Ոչ կարևոր պակաս է նաև նոր նշանակվող դատավորների միջոցով գործող դատավորների կազմի նորացումը, որտեղ մինչ այժմ, գիտենք, որ տարիներ շարունակ դատական համակարգում դատավորների համալրումն իրականացվում է դատական համակարգում աշխատած անձանց միջոցով, այսինքն՝ նիստերի քարտուղար, օգնական, փորձագետ ու այս պրակտիկան սահմանափակում է այլ դատավորների, դատարանի հետ առնչություն չունեցող, բայց արհեստավարժ իրավաբանների ընդգրկումը որպես դատավորներ, կարծում եմ, որ սա նորից կարևոր մոտեցում է արհեստավարժ իրավաբաններին դուրս չթողնելու տեսանկյունից ու նոր թարմացում ունենալու տեսանկյունից»,-ասաց Արփինե Հակոբյանը։

—————————

Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։