Եթե վեթինգի արդյունքում պարզվեց, որ դատավորը բարեխիղճ չի եղել, ինչպե՞ս են ստուգվելու նախկինում կայացված նրա վճիռները։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները ուսումնասիրության վերաբերյալ։
Քննարկման ժամանակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ Արկադի Սահակյանը մի շարք հարցեր բարձրացրեց՝ խոսելով դատական համակարգի վեթինգի մասին։ «Եթե պարզվեց, որ դատավորը լավ, բարեխիճ դատավոր չի եղել, և բնականաբար մի շարք վճիռներ, դատավճիռներ է կայացրել, ինչպե՞ս պետք է ստուգվեն նրա կողմից նախկինում կայացված վճիռները, դրանց ճիշտ ու սխալ կողմերը, եղել են արդյոք քաղաքական պատվեր, թե՝ ոչ, միգուցե ճիշտ վճիռներ են եղել։ «Թացը չորի» հետ խառնվելու հետ կապված ինչպե՞ս պետք է վարվել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք պետք է հստակ ձևակերպենք, որպեսզի լինեն անխոցելի»,-ասաց Արկադի Սահակյանը։
Նա կարևորեց այն հանգամանքը, որ պետք է նաև դատավորների «պահուստային բանակ» ունենալ՝ հնարավոր ցնցումներից խուսափելու համար։
Մասնագետի կարծիքով՝ կարևոր է նաև քաղհասարակության կազմակերպությունների առկա ռեսուրսի ճիշտ օգտագործումը։ «Կազմակերպվում են նման աշխատաժողովներ, լսվում են պրոֆեսիոնալ զեկույցներ, արվում են փորձագիտական առաջարկություններ, բայց, ցավոք, իշխանության որոշ ներկայացուցիչներ մնում են այն կարծիքին, որ պետք է քաղհասարակության կազմակերպությունների որոշակի խումբ կանչեն, իրենց հետ խորհրդակցեն։ Ունենալով երկրում նման սուվերեն կառույց, ինչպես մեր կառույցն է, ու այդ ռեսուրսը չօգտագործելն անտեղյակություն է»,-ասաց Արկադի Սահակյանը։