Ինչու՞ չի քննարկվում քննչական մարմիններին, դատախազությանը բարեվարքության ենթարկելու հարցը․ Ժաննա Ալեքսանյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ։

Քննարկման ժամանակ «Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս թեմայի շրջանակում չեն խոսում մի հարցի մասին, խոսքը քննչական մարմիններին, դատախազությանը բարեվարքության ենթարկելու հարցը մասին է։

Նա նաև նշեց, որ այդ մասին հարց է բարձրացրել նաև օրեր առաջ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, սակայն այդ հարցին պատասխան չի տրվել ու իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ ամենի պատասխանատվությունը՝ նախաքննական մարմնի, դատախազության զսպողը դառնալու, թողնվում է դատավորի վրա։

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ թեպետ ներկայացված ուսումնասիրության շրջանակները չի ընդգրկել իրավապահ մարմիններին, բայց անցումային արդարադատության հետ կապված նախկին ուսումնասիրություններում այդ մասին անդրադարձ է եղել, տրվել է համակարգային լուծումը, նշվել, որ չի կարող միայն դատավորների վեթինգով խնդրին լուծում տրվի, քանի որ խնդիրը առաջարկայական ձևով նաև առկա է իրավապահ մարմիններում՝ ոստիկանությունում, դատախազությունում, քննչական մարմիններում ու չի կարելի մի օղակը բարեփոխել, իսկ մյուսներն անտեսել։

Արզուման Հարությունյան

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա անդամ Արզուման Հարությունյանն էլ՝ խոսելով կատարված ուսումնասիրության, դրանց արդյունքում ներկայացված առաջարկների մասին, նշեց, որ կարևորում է դրանց վերաբերյալ հանրային իրազեկման ակտիվ արշավ սկսելու անհրաժեշտությունը։

Ի պատասխան բարձրացված խնդրի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների ձախողման հիմնական խնդիրը նաև ոչ ճիշտ հետադարձ կապն է եղել հանրության հետ։