Արդարադատության նախարարն օլիգոպոլ ցանցի ներկայացուցիչներից էլ ընտրել է իրեն տեղակալ․ Մովսես Արիստակեսյան

«Չգիտես ինչու, իշխանությունները, արդարադատության նոր նախարարն իրենց որոշումները կայացնելիս օգտվում են ու խորհրդակցություններն անց են կացնում օլիգոպոլ ցանցի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնցից էլ ընտրել է նաև իրեն նախարարի տեղակալ։ Սա զարմանալի է, բայց նաև փաստ, որը պետք է արձանագրել»․ այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովի ժամանակ ասաց կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

Նրա խոսքով՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր, որ անցումային արդարադատության շրջանակներում պետք է փաստահավաք հանձնախումբ ստեղծվեր նախորդ տարի՝ մարտ ամսին, սակայն ոչ հանձնախումբը ստեղծվեց, ոչ էլ դրա մասին խոսվեց։

«Այսինքն օրենքը չկատարվեց։ Դրա մասին չի խոսում ոչ վարչապետը, ոչ նախարարը և ոչ ոք՝ ով պետք է մոնիթորինգ աներ այդ ռազմավարության իրականացումը։

Ավելին, երբ մենք մեր կոալիցիայի ներսում կոնսորցիում կազմեցինք և մրցութային հայտով դիմեցինք Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, որպեսզի փաստահավաք հանձնախմբի գործիքները ստեղծեինք, սկսեինք այդ խմբի գործառույթը, այդ ժամանակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում որոշում կայացնող մրցութային հանձնաժողովը՝ օլիգոպոլ ցանցի ներկայացուցիչների մասնակցությամբ, մերժեց հայտը, ասելով, որ փաստահավաք խումբը կկատարի պետական մարմինը և կարիք չկա, որ քաղաքացիական հասարակության ցանցը դրանով զբաղվի»,-ասաց Մովսես Արիստակեսյանը՝ նշելով, որ տեսնում է՝ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ է գործում այդ կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության որոշակի սեկտորի միջև, որը պետք է բացառել։

Նա խոսեց նաև դատավորներին ու դատախազներին տրված սոցիալական երաշխիքների մասին։

«Մենք դատավորներին, դատախազներին տվել ենք սոցիալական շատ-շատ երաշխիքներ։ Ապսուրդի ենք հասել․ դժբախտ դեպքերից ապահովագրություն ենք տվել։ Թե ՀՀ հպարտ քաղաքացու դժբախտ դեպքի ապահովագրություն ինչու չենք տալիս, չգիտեմ, բայց օրինակ, որ դատախազն իր մեքենայով կարող է վթարի ենթարկվել, դրա համար ապահովագրված է հանրային միջոցների հաշվի։ Սա նույնպես պետք է վերանայվի»,-նշեց Արիստակեսյանը։