Հա՛մ միջազգային դոնորները, հա՛մ կառավարությունն ունեն ՔՀԿ-ների ընտրյալ նույն ցուցակը և այդ անձիք են միշտ օգտվում տարբեր օժանդակման ծրագրերից․ Թևան Պողոսյան

Հայաստանի Հանրապետությունում իրական մասնագետների պասկաս չկա։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայում կան մասնագետներ, ովքեր կարող են իսկապես մասնագիտական ճիշտ խորհուրդներ ու առաջարկներ անել։

Այս մասին ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը։

Խոսելով Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում միջազգային փորձի ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության մասին՝ Թևան Պողոսյանն ասաց․

«Առաջին փաստաթուղթը չէ, որ կոալիցիան պատրաստում է և ներկայացնում ինչպես այլընտրանք։ Ցավոք, նախկին փորձերից ելնելով ևս, այդ գաղափարները վերցվում են, կիսատ-պռատ օգտագործվում են, կամ ընդհանրապես այլ մոտեցմամբ է դա շարունակվում ու վերջում ունենում են այն՝ ինչ ունենում ենք։

Ամբողջական խնդիրը սա է․ երբ այլընտրանքային առաջարկ է արվում ու այդ առաջարկի մի քանի կետեր կարևոր են թվում, դա չի նշանակում, որ պետք է այդ մի քանի կետը վերցնել, մնացածի մասին մոռանալ, որովհետև մասնագիտական, ամբողջական առաջարկը համակարգային մոտեցում է առաջարկում, իսկ եթե դու սխալ մոտեցմամբ, միայն մի մասն ես օգտագործում, մյուս մասը չես օգտագործում՝ բնականաբար ոչ մի առողջացման խնդիր չի  լուծվելու»։ Նա նաև նշեց, որ սա կարելի է բնորոշել բոլոր ոլորտներին։

Կազմակերպության նախագահը խոսեց նաև քաղհասարակության կազմակերպությունների նկատմամաբ Արդարադատության նախարարության տարբերակված մոտեցման մասին։

«Իրականության մեջ, ցավոք սրտի, այն հույսերը, որ Հայաստանում տեղի կունենան իրական փոփոխություններ, որոնք 2018 թվականի մայիսից ձևավորվել էին և սկսեցին Հայաստանով մեկ մարդկանց ընկալումների ու հույսերի մեջ ապրել, ձախողվել են երևի թե նույն թվականի սեպտեմբերից։

Չմոռանանք, որ առաջին դեպքերից մեկն էլ այն էր եղել, որ այսօրվա կառավարությունն ասաց՝ վայ, ինչ լավ է, եկեք քաղհասարակության ինստիտուտներին օգտագործենք, օրինակ՝ այցելելու Արցախ, դիտորդական առաքելություններ անելու այնտեղի ընտրություններին։ Առանց բաց հայտարարությունների, առանց որևէ բաների, կոնկրետ մոտեցումներ․․․»։

Հիշեցնենք, որ թեմային անդրադարձել ենք 2019 թվականին՝ հայտնելով, որ Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:

Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Հավելենք, որ այս երկու կազմակերպությունները ևս մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են մեկ աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ)։

Շարունակելով թեման՝ Թևան Պողոսյանը նշում է․ «Եթե նախկինում մենք բողքում էինք, տեսեք, որ պետկան սեկտորում մի քանի ընտրյալներ են ստանում, բայց դրա հետ կային նաև տարբեր միջազգային ռեսուրսներ, միջազգային դոնորների կողմից տրամադրվող և Հայաստանում քաղհասարակությունն այսպես, թե այնպես կարողանում էր մի քանի այլընտրանքային մոտեցումներ ցուցաբերեր, ապա այս օրվա դրությամբ այդպես չէ։ Հա՛մ միջազգային դոնորները, հա՛մ կառավարությունն ունեն ՔՀԿ-ների ընտրյալ նույն ցուցակը և այդ անձիք են միշտ օգտվում տարբեր օժանդակման ծրագրերից, ինչը ցավալի երևույթ է, բայց ունենք այն՝ ինչ ունենք»։

Նրա խոսքով՝ քաղհասարակությունը Հայաստանում այժմ շատ ծանր վիճակում է գտնվում, չձևավորվեցին ոչ հայկական սուվերեն հիմնադրամներ, ոչ անձեռնմխելի հիմնադրամներ, որոնք կկարողանային ձևավորել ինչ-որ չափով անկախ ֆինանսական միջոցներ, ոչ էլ՝ պետական ծրագիր, որը վստահություն կներշնչեր, ու երբ պետությանը անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար դրամաշնորհներ հայտարարեր՝ մասնակիցներն իմանային, որ արդար ընտրություն է կատարվելու։ Ցավալի է, բայց այդ զարգացումը չունենալու պատճառով հույս էլ չկա, որ որոշ գաղափարներ ի վերջո տեղ կհասնեն։ «Բայց ասեմ, որ քաղհասարակության դերն ու որակը, իմ պատկերացմամբ, ավելի նվազ է ընկալվում այսօրվա իշխանության կողմից և ոչ մի բան էլ չի նպաստում, որ դա բարձրանա։ Փաստորեն, ժամանակին, երբ հնարավորություն կար՝ տարբեր ինստիտուտներ ձևավորվեցին, որոնք այսօրվա դրությամբ քաղաքական ընկալումների կամ այլ պատճառներով, հենց այլընտրանքային կարծիք են ասում՝ ըդնունվում են ինչպես ընդդիմադիր մոտեցումներ ու իրենց հետ աշխատանքը ձեռք է բերում բացասական մոտեցում։ Սա չի բերելու քաղհասարակության ձևավորմանը»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ չպետք է մոռանալ «բնության օրենքներից մեկը», ըստ որի՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է։ «Ինչքան էլ դոնորները փորձեն ասել, որ իրենք արդար են, միևնույն է իրենք միշտ շարժվելու են իրենց շահերից ու նախասիրությունների ելնելով և այնպես չի լինելու, որ մենք կարող ենք վստահ լինել, որ իրենց շահերն ու նախասիրությունները միշտ համապատասխանելու են Հայաստանի իրական շահերին»,-ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը։

Թևան Պողոսյանը նշեց, որ վերջին շրջանում ինչպես արդարադատության նախարարությունից, այնպես էլ ոչ մի այլ պետական ինստիտուտից որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, որևէ քննարկման մասնակցելու հրավեր չի ստացել։ Նա նաև հայտնեց, որ միգուցե քաղաքականացվում է իր անձը, բայց որպես ՀՀ քաղաքացի միշտ էլ ազատ է արտահայտելու իր սեփական կարծիքը, որը հիմնված է այն արժեքային համակարգի վրա, որը կրում է։ Նույն սկզբունքով իր ղեկավարած կենտրոնի այլ անդամների էլ հրավերներ չեն ուղարկվել, քանի որ միգուցե հրավիրողներին թվում է, որ եթե նույն կազմակերպությունում են աշխատում՝ բոլորը պետք է իր կարծիքն ունենա, այնինչ դա այդպես չէ։