Մենք կորցնում ենք պետությունը, և՛ իրավական, և՛ բարոյական առումով. Տիգրան Մաթևոսյան

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մաթևոսյանը նշեց, որ իրենք այդ քննարկմանը մասնակցելու հրավեր չեն ստացել՝ չնայած նրան, որ կազմակերպությունը Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի կազմում է։

Ըստ նրա՝ մեկ տարուց ավել է ոչ մի քննարկումների մասնակցելու հրավեր չեն ստացել․ «Ես նկատում եմ, թե իրենք ինչ ուղղվածության ՀԿ-ների են հրավիրում առհասարակ պետական քննարկումներին, բնականաբար արդեն կարծիքս ձևավորվել է, որ այդ քննարկումները բոլորը ձևական, շատ սուբյեկտիվ բնույթ են կրում։ Իմ կարծիքով՝ միտված են իրենց բոլոր նախագծերը կյանքի կոչելուն»։

Տիգրան Մաթևոսյանն Արդարադատության նախարարության գործելաոճի մասին ասաց․ «Երբ նախարարը իր աշխատասենյակի պատին է փակցնում մի անձի նկար, կապ չունի՝ ղեկավար է, նախագահ է, վարչապետ է, և ասում է, որ այդ նկարին նայելով է ոգեշնչվում, ես նման նախարարից երբեք որևէ արդարադատություն կամ որևէ արդար բան չեմ սպասի»։

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում մարդկանց խախտված շահերը պաշտպանելու համար․ «Ես մի արդարադատություն իրականացնող մարմին եմ տեսնում, դա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է։ Ինձ համար այս պահին Հայաստանում Արդարադատության նախարարություն գոյություն չունի»։

Դատական բարեփոխումների մասին խոսելով Մաթևոսյանը նշեց, որ այս կառավարությունից սպասելիքներ չունի։

«Երանի եմ տալիս նախորդ ժամանակաշրջանը, որովհետև մենք ինքներս այն ժամանակ կարողանում էինք օրենքը կյանքի կոչել, կիրառության մեջ դնել։ Երբ մենք գործարկում էինք հակակռուպցիոն կենտրոնները, ինքներս շատ ապօրինությունների ենք ականատես եղել և մեծամասամբ կարողացել ենք այդ մարդկանց խախտված իրավունքները վերականգնել, մարդկանց օգնել,  իսկ հիմա երբ անտարբերություն է, ուղղակի արհամարհանք, ցինիզմ, այս պայմաններում ես չեմ կարծում, որ մեր երկրում դրական տեղաշարժ կլինի։ Մենք հիմա պետությունը կորցնում ենք, և՛ իրավական, և՛ բարոյական առումով»,-իր խոսքը եզրափակեց Տիգրան Մաթևոսյանը։

Արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։