Արդարադատության նախարարությունը պետք է քաղաքական կամք ունենա, որ կարողանա իրագործել ՔՀԿ սեկտորի առաջարկությունները․ Արա Մելիքջանյան

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը ասաց, որ նմանատիպ ցանկացած նախաձեռնություն, որն իրականացվում է, անհրաժեշտ են երկուստեք ջանքեր։

«Այսքան ժամանակ միայն մեր՝ քաղհասարակության կողմից են եղել ազդակները, իսկ հակառակ կողմից կամ բացակայել են, կամ այն առաջարկները, որենք մենք ներկայացրել ենք, չեն ընդունվել կամ ընդունվել են մասնակի։ Կարծում եմ՝ այս պարագայում պետք է կառուցողական մոտեցում ավելի շատ ունենա Արդարադատության նախարարությունը և առհասարակ կառավարությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով Արդարադատության նախարարության և ՀԿ-ների համագործակցության արդյունավետությանը՝ Արա Մելիքջանյանն ասաց, որ երևելի փոփոխություն տեղի չի ունեցել։

«Արդարադատության նախարարների այս փոփոխություններն էականորեն ազդում են նաև համագործակցության միջավայրի վրա, որովհետև մենք նախկինում նմանատիպ խնդրի առաջ չէինք կանգնում, կոնկրետ մեթոդով և որդեգրված քաղաքականությամբ աշխատում էր նախարարությունը, իսկ հիմա նախարարների վայրկյանական փոփոխություններով պայմանավորված՝ այդ քաղաքականությունն էլ է փոխվում, որը էականորեն ազդում է մեր ծրագրերի վրա։ Ծրարգեր կան, որոնք իրականացնում ենք՝ համագործակցելով նախարարության հետ, բայց նախարարների փոփոխություններով պայմանավորված՝ մենք ստիպված ենք լինում նորից այդ պրոցեսն անցնել, նորից բացատրել, նորից ներկայացնել, թե ինչ ծրագիր է, ինչ խնդիրներ ենք լուծում և այլն»,- նշեց նա։

Վերջինս մեկնաբանեց նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցը, որի ժամանակ նշել էր․ «Այս երկրում ով որ վեթինգից ինչ-որ բան հասկանում է, ամենախելոք մարդիկ երեկ հավաքվել են, արդյունքները դեռ չենք ամփոփել, 1-2 օրվա մեջ կներկայացնեն՝ ինչ հասկացան փորձագետները․ դա հնարավո՞ր է, թե՝ չէ։ Եթե հնարավոր է՝ մենք օրերի մեջ կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չէ՝ մենք արդեն կմտածենք սահմանադրական բարեփոխումների հետ մտածել էդ հարցով»։

Արա Մելիքջանյանը լիահույս է, որ նախարարի ասածները հետագայում գործնականում էլ կիրագործվեն։

«Որովհետև նախկինում էլ եղել են քննարկումներ, որոնց ժամանակ եկել ենք կոնսենսուսի, բայց հետո որոշումը էականորեն տարբեր է եղել մեր քննարկումների ընթացքում արված առաջարկներից։ Պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատանքների արդյունքում միշտ նրանք ասել են՝ այո, ճիշտ է, քանի որ մեր ՀԿ-ների փորձագիտական մակարդակը բավարարում է առաջարկություններ անելու համար, բայց դրանից հետո գործնականում լրիվ այլ պատկեր է եղել։ Վեթինգի առնչությամբ այն առաջարկները, որոնք ՔՀԿ սեկտորը ներկայացրել է, Արդարադատության նախարարությունը պետք է քաղաքական կամք ունենա, որ կարողանա անել»,- ասաց նա։

Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։