Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։
Ըստ որի՝ կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է:
Քանի որ ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում էին ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները, հետևում էր, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:
«Միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է: Այս առումով, Ռազմավարությամբ սահմանված հաշվետու ժամանակահատվածում կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով»,-նշված է ռազմավարության մեջ։
Այսպիսով՝ առաջարկվում էր վերոնշյալի կատարման ապահովման տեսանկյունից ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ։
Հավելենք, որ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։
Այս կառույցը, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն, քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինչպես նաև նշված օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա: