Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկել են Հայաստանի ՏԻՄ համակարգը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Հայաստանում գործող տարածքային կառավարման համակարգն ու տեղական ինքնակառավարման համակարգը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերջին տարիներին իրականացվող և դեռևս ընթացքի մեջ գտնվող վարչատարածքային բարեփոխումներին:
Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը:
Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ստեղծվել է 1996 թվականին՝ Սահմանադրության ընդունումից հետո: ՏԻՄ-երի ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Սահմանադրության 9-րդ գլուխով է սահմանվում տեղական ինքնակառավարմանն առնչվող կարգավորումները, որոնք ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվել:Համաձայն Սահմանադրության 179-րդ հոդվածի՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
Տեղական ինքնակառավարման մարմիններն են` համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով եւ կարող է կազմել 5-15 հոգի, Գյումրի և Վանաձոր համայնքներում՝ 33, Երևանում՝ 65:
Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններին, վարչատարածքային բարեփոխումների ներկայիս ընթացքին, մասնավորապես՝ համայնքների միավորման գործընթացին ու պետական կառավարման համակարգի մարմինների որոշ լիազորություններ ՏԻՄ-երին ապակենտրոնացնելու անհրաժեշտության մասին:
Խոսելով Հայաստանում տեղական ժողովրդավարության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին՝ Արտյոմ Մեսրոպյանը նշեց, որ «Պետք է փաստել, որ թեև Հայաստանում տեղական ժողովրդավարության մակարդակն ու որոշումների ընդունման գործընթացում համայնքի բնակչության մասնակցության մակարդակը բավարար համարել չեն կարող, այնուամենայնիվ, ի համեմատ ԱՊՀ երկների, մենք բավականին բարձր դիրքերում ենք։ Կան խնդիրներ, որոնք համակարգային լուծման կարիք ունեն, սակայն, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը կարելի է համարել կայացած»:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: