Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկում են գողացված ակտիվների վերադարձի նախագիծը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը:
Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ 4 փուլերով.
Նախաքննության փուլ: Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ և սկսում է հետախուզություն իրականացնել բացահայտելու համար ստացված տեղեկատվության հավաստիությունը: Այս փուլում ֆինանսական հետախուզությունը բացառիկ նշանակություն ունի բացահայտելու, թե արդյոք նախնական տեղեկատվությունը հավաստի տվյալներ է հաղորդում գողացված ակտիվների և դրանց պոտենցիալ գտնվելու վայրի վերաբերյալ: Այս փուլում էական նշանակություն ունի հետևյալ հարցի պատասխանը. Արդյոք հանցագործություն է տեղի ունեցել և ով է կատարել նշյալ հանցագործությունը:
Դատաքննության փուլ. Այս փուլ սկսվում են այն ժամանակ, որբ քննչական և դատախազական մարմինները ավարտել են իրենց գործը և գործը դատարանին հանձնել: Այս փուլը իր մեջ ներառում է դատավարությունը և վճռի կամ դատավճռի հրապարակումը: Եթե մեղադրյալ դատապարտվում է հանցագործության կատարման մեջ, դատարանը եզրափակիչ դատական ակտում որոշում է կայացնում բռնագանձել հանցագործության կատարման հետևանքով ձեռք բերված ակտիվները: Իրավական ակտի անբողոքարկելիության պարագայում ակտիվների կարգավիճակը «սառեցված»-ից փոխակերպվում է «բռնագանձվող»-ի:
Վերադարձի փուլ: Ակտիվները վերադարձվում են իրենց օրինական սեփականատերերին հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված ակտիվներ կիսելու պարտավորությունները և բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները: Այս փուլում կարևոր է որոշել վերադարձի ենթակա ակտիվների ծավալը և մեթոդները:
Ըստ փորձագետի «Մեղադրական դատավճռի հիման վրա բռնագանձում իրականացնելիս պարտադիր պայման է հանդիսանում մեղադրական դատավճռի առկայությունը, որի հիման վրա էլ իրականացվում է բռնագանձումը: Առանց մեղադրական դատավճռի բռնագանձում իրականացնելիս մեղադրական դատավճռի առկայությունը իմպերատիվ բնույթ չի կրում, բռնագանձման ընթացակարգի առկայությունը բավական է: Նման ընթացակարգի առկայության պարագայում «Ողջամիտ կասկածի» սկզբունքը (beyond reasonable doubt)ի փոխարեն գործում է «Հավանականությունների հավասարակշռում» (balance of probabilities) սկզբունքը ինչը իրենից ենթադրում է, որ դատարանում «հաղթելու է» այն վարկածը, որի իրական լինելն ավելի հավանական է թվալու դատարանի համար»,-նշեց Նարեկ Ենոքյանը: