Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից պարգևատրվեցին երիտասարդները

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության գրասենյակում տեղի ունեցավ ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Կոալիցիայի կառավարման խորհրդի նորընտիր անդամները և երիտասարդներ Լիլիթ Ներսիսյանը և Ասյա Պողոսյանը, որոնք ընտրվել էին Կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի վերջին հոսքի առցանց մոդուլի և Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ի կողմից կազմակերպված բարեվարքության ճամբարի մասնակիցների թվից: 

Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամները, որին հաջորդեցին Լիլիթ Ներսիսյանի և Ասյա Պողոսյանի ներկայացումները: Այնուհետև տեղի ունեցավ արդյունավետ քննարկում Հայաստանում հակակոռուպցիոն կրթության անհրաժեշտության, դրա տեսլականի, կառուցակարգերի և հակակոռուպցիոն կրթության բաղադրիչ հանդիսացող ազգային ինքնության հենասյունների վերաբերյալ:

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ընթացքում Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ Արփինե Հակոբյանի և Մարիամ Չախոյանի կողմից Ասյա Պողոսյանին ու Լիլիթ Ներսիսյանին հանձնվեցին շնորհակալագրեր և գրքեր: 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանին և անդամ Մարիամ Չախոյանին: