Այս նախագիծն ունենալու դեպքում մեր երկիրը դառնալո՞ւ է ավելի գրավիչ, թե ոչ․ Հակոբ Ավագյան
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանն ասաց, որ շատ կարևոր հարց է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդրվի՞, թե ոչ:
«Պատկերացնենք, որ այդ համակարգը հենց հիմա ներդրված է, Ռուսաստանից եկող աշխատանքային միգրանտը ընտրություն անելուց արդյո՞ք հաշվի կառներ, որ նա այստեղ պետք է հայտարարագրի իր ֆինանսները, գնա՞ Հայաստան, թե Օրինակ՝ Ղազախստան: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բայց հայ համակարգը մարդկանց դարձնում է «անիվի մեջ վազող սկյուռիկ», որոնք իրենց վաստակած գումարն անընդհատ պետք է ծախսեն, հիմնավորեն, որպեսզի իրենց մոտ ոչ մի եկամուտ չմնա հետագայում հարկվելու համար»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ըներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝
- հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
- հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Մանրամասները՝ տեսանյութում: