Անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել. Մովսես Արիստակեսյանը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ներդրվող համակարգի վերաբերյալ անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել:
«e-draft-ում այս օրինագծերը նայել է 1221 հոգի, առաջարկություն է ներկայացրել մեկ հոգի, կողմ է քվեարկել 4 հոգի, դեմ է քվեարկել 8 հոգի: Ընդ որում՝ ԱԺ-ում անցկացրած լսումների ժամանակ մասնագիտական կառույցները տվել են բավականին լավ առաջարկներ, մենք չգիտենք՝ ինչպես ենք դրանք արտահայտնվել 1-ից-2 լսումների ընթացքում, բայց շատ կարևոր էր այս քննարկումը»,-ասաց նա:
Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ հարկային բարեփոխումներն իրականանան հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներին համապատասխան:
«Այս համակարգը ներդրվում է այն պարագայում, երբ երկրում հարկային օրենսգրքի սկզբունքներին հակառակ ներդրվեց եկամտահարկի համահարթ ռեժիմը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ըներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝ հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Մանրամասները՝ տեսանյութում: