Մահացել է Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրեն Գայանե Պողոսյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 1-ին, երկարաժամկետ ծանր հիվանդությունից հետո, կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ և 2020-2022թթ. պատվիրակ Գայանե Պողոսյանը:

 

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունից։

 

«Գայանե Պողոսյանը բացառիկ պրոֆեսիոնալ և բարեվարք հասարակական գործիչ էր, ով իր մասնագիտական կյանքն ամբողջովին նվիրել էր հասարակական գործունեությանը և հասարակական բարիքի ստեղծմանը, վստահելի և սիրված գործընկեր էր, բարի և պատրաստակամ անձնավորություն: Նա երկար տարիներ ղեկավարել է Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամը` իրականցնելով ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Գայանե Պողոսյանը նաև իր զգալի ավանդը ունի Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կայացման գործում: Գայանեն բացառիկ բարի, հոգատար և իր ընտանիքին նվիրված մայր էր, միշտ ժպտերես ու կենսախինդ, իր տոկունության մեջ՝ չափազանց նրբազգաց և զգայուն…:

 

Գայանեի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: Նրա հետ մարդկային անկեղծ շփումների հուշերը, նրա բարի ու կենսախինդ ժպիտը դեռ երկար ուղեկցելու են մեզ… Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ողջ անձնակազմը խորապես սգում է Գայանե Պողոսյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Պողոսյաններիի ընտանիքին, հարազատներին, ընկերներին»,- ասված է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից տարածված հայտարարության մեջ:

Գայանե Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին, ժամը 18:00-ից «Կարմիր բլուր» սգո սրահում, հասցե` Շիրակի 74/1, սգո սրահ 2: Հուղարկավորությունը` հունվարի 4-ին ժամը 13:00-ին` նույն վայրից: