ՔՀԿ-ների և պետական կառույցների քննարկումը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման ոլորտի վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Ապրիլի 11-ին կազմակերպված քննարկմանը մասնակցել են մոնիթորինգ իրականացող թիմից, հասարակական կազմակերպություններից ու պետական կառույցներից երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդից, Արդարադատության նախարարությունից, Կենտրոնական բանկից, Քաղաքացիական ծառայության գրասենյակից, Ազգային ժողովից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Վարչապետի աշխատակազմից, Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեից և մի քանի քաղհասարակական կազմակերպություններից։

Մասնակիցները քննարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման ոլորտը։ Քննարկումը ծավալվել է քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրման, իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին  հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրման, ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման և ոլորտային այլ հարցերի շուրջ։

Համանման ևս մեկ քննարկում անցկացվել է ապրիլի 10-ին, որի ժամանակ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության Հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության ոլորտը։