Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկվում է դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում ունկնդիրները ծանոթացան Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծին:
Դպրոցի դասախոսն էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Ռազմավարության նախագծում նշված է, որ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը Սահմանադրությանը, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:
Նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝
- հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
- դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,
- հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,
- ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,
- ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:
Ըստ դասախոսի՝ Ռազմավարության նախագծում հստակ նշված չէ, թե որն է փաստահավաք հանձնաժողովների ստեղծման նպատակը, և ինչ վերջնարդյունք պետք է ապահովի հանձնաժողովը։ Ավելին, նախագծում ներառված չեն նաև անցումային արդարադատության մյուս երեք մեխանիզմները․ քրեական արդարադատություն, փոխհատուցումներ և համակարգային բարեփոխումներ։ Այնինչ, անցումային արդարադատությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ այս չորս մեխնանիզմները ներդրվում են և գործարկվում միաժամանակ, նպատակ ունենալով ապահովել այն նպատակի իրագործումն ու վերջարդյունքի նվաճումը, որի համար անցումային արդարադտությունը ներդրվում է։
Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձավ նաև դատական համակարգի վեթինգին, նշելով, որ ըստ միջազգային փորձի՝ վեթինգի իրականացման ժամանակ, պետք է պահպանվեն հետևյալ նվազագույն պայմանները.
– Քաղաքական պայմաններ․ տվյալ կառավարության կողմից վեթինգ իրականացնելու իշխանության և քաղաքական կամքի առկայություն,
– Ինստիտուցիոնալ պայմաններ. այն հանրային/պետական պաշտոնների շրջանակի սահմանում, որոնք ենթարվելու են վեթինգի,
– Անձնական պայմաններ. այն անձանց շրջանակի սահմանում, որոնք ենթարկվելու են վեթինգի: Վեթինգի ենթարկվող անձանց ճշգրիտ ցանկերն անհրաժեշտ է հրապարակել,
– Իրավական պայմաններ. վեթինգի իրականացման համար համապատասխան օրենսդրական շրջանակի սահմանում,
– Օպերատիվ պայմաններ. վեթինգի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների հատկացում,
– Ժամանակային պայմաններ. վեթինգի իրականացման համար ժամանակաշրջանի սահմանում:
«Վեթինգի ոչ ցանկալի հետևանքները կարող են լինել քաղաքական չարաշահումները, երբ վեթինգի ենթարկվող անձանց շրջանակում թիրախավորվում են քաղաքական հակառակորդները, ուստի արգելվում է վեթինգի ենթարկել անձանց՝ կապված քաղաքական և կուսակցական դիրքորոշումներ արտահայտելու հետ: Կարող է լինել նաև կառավարման համակարգի պարալիզացումը, երբ բոլոր հանրային ծառայողները ենթարկվում են վեթինգի միաժամանակ՝ առանց փուլային անցման և փոխարինումների, ինչպես նաև ապակայունացումը, երբ վեթինգի ենթարկվող անձինք չեն ինտեգրվում հասարակությունում, դառնում են հանցագործ՝ ձևավորելով կազմակերպված հանցավոր խմբեր կամ զինված ընդդիմություն և անվտանգության համար սպառնալիք հանդիսանում»,-նշում է Սյուզաննա Սողոմոնյանը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: