Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները դպրոցի 9-րդ հոսքի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ)։
Կառույցում նրանց ընդունեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա դպրոցի մասնակիցներին ներկայացրեց հանձնաժողովի հիմնական գործառույթները և այն խնդիրները, որոնց բախվում է մարմինը։
Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի անկաշկանդ և արդյունավետ դարձնելու գործում ԿԿՀ-ն իր հիմնական գործընկերոջ դերում դիտարկում է քաղաքացիներին։ Եղել են դեպքեր, երբ հանրային ճնշման ազդեցության ներքո, հանձնաժողովին աջակցելով առանձին պաշտոններում անձանց նշանակումը չեղարկվել է։
«Սակայն ավելի մեծ վստահության կարիք ունենք և նաև դուք, որպես այս կարևորագույն կրթական բաղադրիչի սուբյեկտներ, մեզ համար կարևոր նշանակություն ունեք՝ համագործակցությունը խթանելու համար»,-նշեց նա։
Կարևոր է իմանալ, որ հանձնաժողովը ոչ թե կոռուպցիայի դեմ է պայքարում են, այլ կանխարգելում է այն։ Այսինքն, կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնական հենասյուներից 2-րդի դերն է կատարում։ Առաջինը կրթությունն է, հետո կանխարգելումը, իսկ վերջում՝ պատժի անխուսափելիությունը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին հետաքրքրում էր ինչպես հայտարարագրերի, այնպես էլ տարբեր պաշտոնների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ առկա կարգավորումները։
Ունկնդիրներից Արա Մկրտչյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում էլ եղել են դեպքեր, երբ անձինք բարձրաստիճան պետական պաշտոններին են նշանակվել․ «Եթե նշանակումից հետո ԿԿՀ-ն որոշակի կոռուպցիոն ռիսկ է տեսնում կամ անձը կոռուպցիոն բնույթի գործով մեղադրյալի կարգավիճակ է ստանում, այդ դեպքում տվյալ անձին նշանակող մարմինը արդյո՞ք չպետք է որևէ պատասխանատվություն կրի նշանակման և հանձնաժողովի եզրակացությունը հաշվի չառնելու համար»։
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ օրենսդրությունը չի նախատեսում այդ պետական մարմինների հաշվետվողականության պահանջ․ «Օրինակ՝ Ազգային ժողովի հաշվետվողականությունը և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ հանրային տեսանկյունից մեր ռազմավարական փաստաթղթերում որպես խնդիր չի ձևակերպվել։ Երբ հաշվետվողականության խնդիրը ձևակերպենք՝ մենք, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, երբեք անհանգստացած չենք լինի Ձեր տված հարցով։ ԱԺ-ն պետք է հաշվետվողականություն ապահովի»։
Նա նշեց, որ եթե խնդրահարույց նշանակումը հանգեցնում է մեկ այլ խնդրի, ապա պատասխանատվությունն այլևս ոչ թե հանձնաժողովն է կրում, այլ նշանակող մարմինը․ «Եվ այդ մարմնի հաշվետվողականությունը մեր առջև չէ»։
Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ եթե հնարավոր լինի հասցնել այն նշաձողին, որ հանձնաժողովին առանձին մարմինների առանձին գործառույթների հաշվետվողականությունը սահմանվի որպես խնդիր, ապա մեկ տարի հետո գործընթացն այլ որակ կստանա։
Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանն էլ ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի խնդիրները և այն նախաձեռնությունները ու պիլոտային ծրագրերը, որոնք մշակման փուլում են։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: