Օֆշորային գոտիներ, պետությանը պատճառված վնաս, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն հուլիսի 14-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին ՀՀ գլխավոր դատախազություն։
Պետական կառույցում նրանց ընդունեց ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Արսենյանը։
Նա դպրոցի ունկնդիրների ներկայացրեց Գլխավոր դատախազության դերակատրումը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, առաջնահերթությունները և խնդիրները, որոնց բախվում է մարմինը։ Էդգար Արսենյանն առանձին ընդգծեց այս ուղղությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած աշխատանքը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն յուրահատուկ է իր կառուցվածքով, քանի որ միակ քննչական մարմինն է, որն իր մեջ ունի նաև օպերատի-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում։ Ճիշտ է, որ 1-1,5 տարի է դեռ, որ գործում է, բայց արդեն բավականին լավ արդյունքներ է գրանցում։ Կոմիտեն ունի նաև հաճախականություն՝ անձանց գաղտնալսելու հետ կապված»,-նշեց նա։
Դատախազությունում ստեղծված նոր և առանցքային ստորաբաժանումներից մեկն էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է։ Էդգար Արսենյան ընդգծեց՝ կոռուպցիոն գործերով գույքի բռնագանձումը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը ամենակարևոր և ակնկալվող արդյունքն է այս վարույթների շրջանակներում։
«Անձը կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման, սակայն նրա կողմից պետությանը պատճառված վնասը, միլիոնավոր դոլարներ շարունակեն մնալ օդում։ Դրա համար էլ մեր կարևոր ուղղվածություններից մեկն այնպիսի միջոցներ ձեռնարկելն է, որպեսզի կարողանանք պատճառված վնասը վերականգնել»,-նշեց նա։
Դպրոցի ունկնդիրներից Գայանե Թադևոսյանին հետաքրքրում էր, թե ինչ միջոցներ է ձեռնարկում դատախազությունը օֆշորային գոտիներում հայտնված ակտիվները վերադարձնելու համար․ «Մենք գիտենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքերի, ակտիվների զգալի մաս պահվում է նաև օֆշորային գոտիներում»։
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ հարցը քրեական վարույթներով դատախազության ունեցած ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այս դեպքում մարմինը համապատասխան իրավական փոխօգնության միջնորդությամբ դիմում է X երկրին, որտեղ գտնվում է գույքը։ ԱՊՀ-ի, Եվրոպայի, այլ տարածաշրջանների համար գործում են համապատասխան կոնվենցիաներ։
«Դիմում ենք և խնդրում նրանց աջակցությունը գույքի բռնագրավման հարցում։ Օրինակ՝ հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գործով ԱՄՆ-ը վերջինիս առանձնատան նկատմամբ կիրառել էր արգելանք, վերջինս զրկվել է այն օտարելու հնարավորությունից»,-հայտնեց Էդգար Արսենյանը։
Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ընդգծեց, որ նախորդ տարների համեմատ մի քանի անգամ աճել են կոռուպցիոն բնույթի գործերով բացահայտման ցուցանիշները։
Էդգար Արսենյանը խոսեց նաև ազդարարման համակարգի և որակյալ կադրերի պակասի մասին։ Նա հույս հայտնեց, որ դպրոցի ունկնդիրները նույնպես ցանկություն կհայտնեն միանալ դատախազության համակագին․ «Մենք ունենք կադրային ռեսուրսի խնդիր։ Քիչ ենք, պետք է շատանանք»։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: