Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներն ընդունել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 14-ին հյուընկալվել էին Վճռաբեկ դատարանում։ Ունկնդիրներին հուզող հարցերին պատասխանեցին դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ Լիզա Գրիգորյանը և Գևորգ Գյոզալյանը։
Վերջինս նշեց՝ ուրախ է, որ Իրավաբանների հայկական ասոցիացիային հաջողվում է շարունակական զարգացնել և նման ծրագրեր իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Նշենք, որ դպրոցը գործում է 2014 թվականից և ունեցել է երեք հարյուրից ավելի մասնակիցներ։
Վճռաբեկ դատարանում առաջին անգամ ոչ միայն հարցեր էին տալիս դպրոցի ունկնդիրները, այլ նաև դատավորները՝ պարզելու հյուրերի համար բաց մնացած հարցերը և մասնակիցների մոտ ունեցած պատկերացումները կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։
Ունկնդիրներին հետաքրքրում էին հատկապես «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը և դրանից բխող իրավակարգավորումները։ Ակտիվ քննարկում ծավալվեց հատկապես, այսպես կոչված, «մեղավորության կանխավարկածի» շուրջ, որը գործում է նշված օրենքի շրջանակներում։ Սկզբունքը հետևյալն է․ եթե անձը չի կարող ապացուցել, որ ձեռք է բերել գույքն օրինական ճանապարհով, ապա տվյալ գույքի ձեռքբերումը համարվում է անօրինական։
«Սակայն կարգավորումը վերաբերում է միայն վերջին 10 տարվա ընթացքում ձեռք բերած գույքերին։ Հիմնավոր կասկած ունենալու, և ավելի վաղ ժամանակներից ուսումնասիրությունը սկսելու դեպքում ապացուցման բեռը դատախազությունը պետք է կրի»,-նշեց Գևորգ Գյոզալյանը և ունկնդիրներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այդպես։
Վերջիններս մի քանի պատճառներ նշեցին, այդ թվում՝ փաստաթղթերի բացակայությունը, հետխորհրդային Հայաստանը և դրանում գործող կառուցակարգերի փոփոխությունը։ Դատավորը նշեց, որ «հիմնավոր կասկած» ասվածն ունենալու դեպքում դատախազությունն արդեն որոշակի ապացույցներ պետք է ունենա, որ մոտ 20 տարի առաջ ձեռք բերված գույքի հետ խնդիրներ կան։
Դատավոր Լիզա Գրիգորյանը ավելացրեց նաև, որ օրենքի տրամաբանություն այն է եղել, որ գույքի և եկամուտների հայտարարագրումը, իրական սեփականատերերի ինստիտուտը Հայաստանում շատ ավելի ուշ են ներդրվել։
«Բացի այդ, Հայաստանում մեծ է եղել կանխիկի շրջանառությունը։ Ավելին, նախկինում անձանց աշխատավարձ վճարելու վերաբերյալ տվյալներն անհատականացված չեն եղել։ Նշվել է կազմակերպությունը, աշխատակիցների թիվը և X թվով եկամտային հարկ է վճարվել նրանց համար»,-ընդգծեց դատավորը։
Նրա խոսքով՝ օրենսդրական բազան նախկինում բազմաթիվ թերի կարգավորումներ է ունեցել և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրվող ժամանակահատվածը 10 տարին ընտրելը ողջամիտ է եղել․ «Ավելի հետ գնալու համար մարմինն ապացուցողական շեմ պետք է հաղթահարի»։
Դատավորն ընդգծում է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այս բացառիկ գործերով նախկինում կատարված անարդարությունը չշտկելու դեպքում ապագայում արդյունավետ արդարությունը չի կարող իրականացվել։
Գևորգ Գյոզալյանը և Լիզա Գրիգորյանը պատասխանեցին նաև ունկնդիրների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես եռաստիճան համակարգին, այնպես էլ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ միջազգային պրակտիկային։