Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը քննարկման թեմա՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հուլիսի 13-ին ծանոթացել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին, զարգացող իրավական պրակտիկային և առկա խնդիրներին։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձել է ինչպես օրենքի վերաբերյալ ՍԴ-ում հարուցված վարույթին, այնպես էլ դրան վերաբերող Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքին:
Դպրոցի ունկնդիրներին հետարքրքրում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմները, դրա ռեալիզացիան։ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց հիման վրա կարող են նման վարույթներ նախաձեռնվել։
Ուսումնասիրություն սկսելու հիմքերն են․
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է ԱԾՈՒԳՄ օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.
2) նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԾՈՒԳՄ օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ԱԾՈՒԳ.
3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ԱԾՈՒԳ, սակայն ԱԾՈՒԳՄ օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից,
բ. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքի կատարման պահին չի հաuել քր․ պատաuխանատվության համար սահմանված տարիքին.
4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ԱԾՈՒԳ, սակայն ԱԾՈՒԳՄ օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք.
6) ԱԾՈՒԳ-ի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
«Նշեմ նաև, որ նույն գույքի առնչությամբ ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե առկա է նախորդող ուսումնասիրության հիմքերից տարբերվող հիմք, որը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել իրավասու մարմնին նախորդ ուսումնասիրությունն սկսելու պահին։ Իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում։ Կարևոր է հիշել, որ օրենքը կառուցված է այն իրավակարգավորման վրա, ըստ որի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցն ուղղված է գույքի, ոչ թե անձի դեմ»,-նշեց հակակոռուպցիոն փորձագետը։
Բացի այդ, Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով մարմինը հավաքում է նյութեր մի շարք հարցերի առնչությամբ։ Դրանք են․
1) անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները.
2) գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի և ուսումնասիրության կատարման դրությամբ.
3) գույքի վերափոխումն այլ գույքի և գույքի օգտագործումից ստացվածը.
4) գույքը ձեռք բերողի հայտնի եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսական ծախսերը.
5) գույքի առնչությամբ կնքված գործարքները.
6) գույքի ծանրաբեռնվածությունն այլ անձանց իրավունքներով։
«Ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից առաջ ընկած ժամանակահատվածը չի կարող լինել ավելի երկար, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածների և ապացույցների առկայության դեպքում կարող է սահմանվել նոր ժամանակահատված, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը»,-նշեց հակակոռուպցիոն փորձագետը՝ հավելելով, որ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի։
Դպրոցի ունկնդիրները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին հիմնականում օֆշորային գոտիներում գտնվող ակտիվների և դրանց վերադարձի տարբերակների մասին։