Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 18-ին Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրանց ուղեկցում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։
Իր խոսքում ԻՀԱ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ընդունելության համար։ Կարեն Զադոյանը նրան ներկայացրեց ինչպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի, այնպես էլ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի գործունեության և առաքելության վերաբերյալ տվյալներ։ Կարեն Զադոյանը հայտնեց, որ ասոցիացիան զբաղվում է ինչպես բնակչության իրավագիտակցության բարձրացմամբ, այնպես էլ սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմամբ։ Իրավաբանների հայկական ասոցիացիան մեծ դեր է ունեցել նաև դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում կատարված բարեփոխումներին։
Հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքը առանձնահատուկ է այն առումով, որ ուսումնառությունում իր ուրույն տեղն էր գտել նաև ազգային ինքնության հենասյուների վերաբերյալ բաղկացուցիչը։ Կարեն Զադոյանի խոսքով՝ այս անգամ Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպելիս կարևորվել է հայ ազգային մշակութային և հոգևոր ժառանգությունը, անձի բարեվարքությունը և ինքնազարգացումը։ Նրա խոսքով՝ այս սկզբունքները կարևոր են պետության համար արժանի քաղաքացի դաստիարակելու, հակակոռուպցիոն մարմինների համար պրոֆեսիոնալ և բարեվարք կադրեր պատրաստելու համար։
«Եվ այս համատեքստում կարևորվում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ծանոթանալու հայ ազգային մշակութային ու հոգևոր ժառանգությանը, ինչպես նաև ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը», – իր խոսքում նշեց Կարեն Զադոյանը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցի ժամանակ ունկնդիրներն այցելեցին Ռուբեն Սևակի թանգարան։ Թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն անմեղ զոհերին։ Թանգարանում ցուցադրվում են արձակագիր, բժիշկ, եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ։ Ունկնդիրների համար առանձնահատուկ ոգևորություն էր տեսնել հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների բնօրինակները, որոնք պահվում են Ռուբեն Սևակի թանգարանում։
Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցները ծանոթացան նաև հայ եկեղեցու գանձերին՝ «Խրիմյան» թանգարանում, որը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները բացառիկ հնարավորություն ստացան այցելել նաև Վեհարան ու ծանոթացան հայ հոգևոր կյանքի վերաբերյալ այնտեղ ցուցադրված եզակի նմուշներին։ Թանգարանի ամենից ուշագրավ ու հետաքրքիր գեղարվեստական գործերն են ոսկեկուռ մեծ խաչն ու հայկական ոսկետառ ու ադամանդազարդ այբուբենը։ Խաչն ու այբուբենը պատրաստվել են Վազգեն Ա Հայրապետի պատվերով, ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի ձեռքով և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով։
Վեհարանում այցելուները հանդիպեցին նաև Ամենայն Հայոց Հայրապետին։ Նա իր օրհնությունը բերելով երիտասարդներին, ընդգծեց, որ մարդուն մեղավոր ու սխալ ընթացքներից զերծ պահելու համար կարևոր է նրան կրթել ու դաստիարակել ազգային ավանդներով, հոգևոր, բարոյական արժեքներով, ինչպես ընտանիքներում, այնպես և դպրոցում ու ուսումնական-կրթական հաստատություններում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց դպրոցի սաներին առաջնորդվել սիրո, բարու, արդարության սկզբունքներով` օրինակ դառնալով երիտասարդների համար, լինել հայրենասեր և հետևողական ջանքեր գործադրել ի նպաստ հայրենիքի զորացման ու շենացման։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրներին, հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: