Քաղհասարակություն-Կառավարություն, ՀՀ-ԵՄ հարաբերությունները քննարկման թեմա՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների համար վարպետաց դասն անցկացրին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։ Վարպետաց դասը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին, առկա համաձայնագրերին և Արևելյան գործընկերության նշանակությանը՝ մեր տարածաշրջանի համար։
Հովսեփ Խուրշուդյանը կարևորեց քաղհասարակության և ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Ըստ նրա՝ քաղհասարակությունը հսկայական հնարավորություններ ու լծակներ ունի՝ իշխանությունների վրա ազդելու, նրանց վերահսկելու և բարեփոխումներին աջակցելու համար։ Հայաստանի քաղհասարակությունը ԵՄ-ի և Արևելյան գործընկերության միջոցով հնարավորություն ունի, իր լծակներն օգտագործելով, ազդեցություն ունենալ իշխանության, երկրում տեղի ունեցող բարեփոխումների վրա։
Այնուհետև բանախոսը ներկայացրեց Արևելյան գործընկերության պլատֆորի գործունեության արդյունքները, կատարած աշխատանքները։ Այսպիսով, նախագիծը ստեղծվել է Եվրամիության կողմից։ Նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բելառուս, որը 2021 թվականի հուլիսին պաշտոնապես դադարեցրել է իր մասնակցությունը Արեւելյան գործընկերությանը։
Բանախոսները ներկայացրին նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ը մեծ դերը՝ մեր տարածաշրջանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
Լուսինե Հակոբյանը խոսեց 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և այդ համաձայնագրով նախատեսված ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մասին, որի նպատակն է մշտադիտարկել և գնահատել համաձայնագրի ՀՀ իշխանությունների կողմից կատարման ընթացքը։
Մշտադիտարկվում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ այս տարի 6 խորհրդատվական կարծիք կտրամադրվի և մեկ տարեկան զեկույց կմշակվի։
«Խորհրդատվական կարծիքներից առաջին 3-ը արդեն մշակվելու է։ Առաջինը վերաբերում է հակակոռուպցիոն կրթությանը և շահերի բախմանը, 2-րդը՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, 3-րդը՝ աշխատանքի միջազգային ստանդարտներին աշխատանքային իրավունքների համաձայնեցմանը։ Դրանք շուտով կներկայացնենք և հուսով եմ՝ լուրջ քննարկում կունենանք ՀՀ իշխանությունների հետ»,-նշեց Լուսինե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ տարեկան զեկույցում մեծ տեղ է հատկացվելու ժողովրդավարության բաղադրիչին։
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին հետաքրքրում էր ՀՀ-ԵՄ հակագործակցության այլ ասպեկտներ ևս։ Հարցեր հնչեցին քաղահասարակություն-կառավարություն երկխոսության, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության տեսլականի վերաբերյալ։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: