Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանի հետ են հանդիպել
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 21-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվցին Սահմամադրական դատարան, որտեղ նրանց ընդունեց դատարանի փոխնախագահ, դատավոր Վահե Գրիգորյանը։
Ունկնդիրներից միայն մի քանիսն էին մինչև այս պահը եղել Սահմանադրական դատարանում։ Հանդիպման սկզբում, հարցերի միջոցով Վահե Գրիգորյանը ներկայացրեց ՍԴ-ի կառուցվածը և գործունեության նպատակը։
Նա նշեց, որ արդարադատությունը, մեծ հաշվով, բովանդակալից և իմաստալից ծես է, որը քաղաքակրթությունը ստեղծել է դարերի ընթացքում։ Դատավորն ունկնդիրներին ներկայացել էր իր պատմուճանով, որը, իր խոսքով, այդ ծեսի մի մասն է․ «Հանրության ներկայացուցիչների հետ արդարադատության մասին խոսում ենք այս դահլիճում, որտեղ այն իրականացվում է»։
Վահե Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով ինչո՞ւմն է սահմանադրական արդարադատության անհրաժեշտությունը․ «Ինչո՞ւ պետք է ժողովուրդն ուզենա նման ինստիտուտ պահել։ Նման լայն լիազորություններով, այն լիազորությունների մի մասն էլ տարածելով պետական իշխանության մարմինների վրա»։
Հարց ու պատասխանի արդյունքում ներկաները եկան այն եզրակացության, որ այն կարևոր հակակշիռ է։ ՍԴ 9 դատավորները կարող են հակակշռել 107 պատգամավորի կողմից ընդունված օրենքներին և ունեն լայն լիազորություններ։
«Կան 3 արժեքներ, որոնք Սահմանադրության մեջ բացարձակ կերպով արձանագրված են և որոնց պաշտպանությունը մեր ամենօրյա աշխատանքն է։ Այս դատարանը ստեղծված է այդ արժեքները պաշտպանելու համար։ Դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները և իրավական պետությունը։ Դրանք իրար մեջ փոխկապակցված են»,-նշեց Վահե Գրիգորյանը։
Ունկնդիրները դատավորին հարցեր ուղղեցին ինչպես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետների մասին։ Վահե Գրիգորյանը վերջին հարցի վերաբերյալ նշեց, որ բավականին մեծ է ուսումնասիրվող նյութերի ծավալը, հետևաբար կոնկրետ կամ մոտավոր ժամկետ ասել հնարավոր չէ։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: