Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են ԿԳՄՍ նախարարի հետ
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 26-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու հանդիպելեն նախարար Ժաննա Անդրեասյանին։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, այդ թվում՝ Արցախից հանդիպմանն առցանց ձևաչափով միացած մասնակցին, և հույս հայտնել, որ հաջորդ հանդիպումներին վերջինս հնարավորություն կունենա մասնակցելու առդեմ:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ պետական քաղաքականությունը, ոլորտում արված աշխատանքներն ու խնդիրները, պատասխանել Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին:
«Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր գործիքը կրթությունն է, որով զինում ենք մեր երեխաներին՝ համապատասխան իրավիճակներում ճիշտ վարվելու համար»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ այս ուսումնական տարվանից բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի հանրակրթության նոր պետական նոր չափորոշիչը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն կրթությանը. «Հակակոռուպցիոն կրթության ամենապարզ ձևը իրազեկումն է, գիտելիքի փոխանցումը, սակայն մեր բուն խնդիրն է վարքականոնի ձևավորումը: Նոր չափորոշչի առանցքային փոփոխությունն այն է, որ սովորողին պետք է տալ ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, դիրքորոշում, վերաբերմունք, ինչը ենթադրում է համալիր կրթություն: Այս իմաստով ձևավորվում է նաև հակակոռուպցիոն կրթության վարքականոն»,-նշել է նա։
Խոսելով կրթության կազմակերպման ճիշտ ձևերի, կոռուպցիայի կանխարգելման ճանապարհների մասին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է աշխատանքի՝ համակարգային կազմակերպման անհրաժեշտությունը, և համակարգի՝ մեկ անձից կախվածություն ունենալու բացառումը: Որպես ոլորտում համակարգային լուծման օրինակ՝ նախարարը նշեց թվայնացման գործընթացը, որը COVID-19 համավարակի շրջանում օբյեկտիվ լուծում էր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման համար:
«Թվայնացումը շատ խնդիրներ ավելի տեսանելի դարձրեց, և ըստ այդմ՝ լուծման ուղղությունները ևս ավելի պարզ դարձան: Առաջինը թվայնացվեց գնահատման համակարգը, ինչը կանխում է անառողջ շատ գործընթացներ: Անցած տարվանից թվայնացվել են նաև ատեստատները, ինչը ևս նվազեցնում է գործընթացում մարդկային գործոնը»,-ասել է Ժաննա Անդրեասյանը և նշել, որ փոփոխություններն արվում են նաև գործարկվող մեխանիզմները լավարկելու նպատակով: Նա ընդգծել է օրենսդրությանը հետևելու կարևորությունը և շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հանրության կյանքը բարելավելու նպատակով:
«Ցանկացած գործընթացում հաջողության հասնելու և արդյունք տեսնելու համար կարևոր է հասարակության և պետության փոխվստահությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Հաջորդիվ ներկաները Ժաննա Անդրեասյանին հղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ոլորտում կոռուպցիոն ռիսկերին, կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությանը և այլն: Ունկնդիրները, մասնավորապես, անդրադարձել են բուհերի ընդունելության քննությունների կազմակերպմանը, տարկետման տեղերի հատկացմանը, ուսանողների շահերի պաշտպանությանը, ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման կարգին, դպրոցներում էկոակումբներ բացելու հնարավորություններին և այլն:
Նախարարն անդրադարձել է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցին։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դա արվել է նույն իրադարձությունների վերաբերյալ նյութերը համակարգային, կապակցված դարձնելու համար։ Նա նշել է՝ եկեղեցու պատմությունը անքակտելիորեն կապված է Հայոց պատմության հետ և դրանք տարանջատելը նպատակահարմար չէ։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: