«Առանց թվայնացման գործիքների՝ կարող եք մոռանալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին»․ հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Սուրեն Քրմոյանին
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 26-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալել են Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանին։
Բանախոսը կարևորել է էլեկտրոնային կառավարման գործիքները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում և ներկայացրել դրանցից որոշները։
Սուրեն Քրմոյանը խոսել է այնպիսի կարևոր գործիքների մասին, որոնք են e-citizen.am, e-register.am, e-request.am, e-apostille, e-draft և azdararir.am-ը։
Նա հատուկ անդրադարձավ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին, որի միջոցով քաղաքացին կարող է անանուն եղանակով հաղորդում ներկայացնել և նրա անանունությունը կերաշխավորվի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սուրեն Քրմոյանը կարևորեց նաև քաղաքացիների ակտիվությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։ Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ պետական մարմինների տեղադրած նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:
Բանախոսը անդրադարձավ նաև «Թվային Հայաստան»-ի գործունեությանը։ Այս կազմակերպության թիմը մշակում է հանրային կառավարման, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ծրագրեր և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։
Սուրեն Քրմոյանըի խոսքով՝ «Թվային Հայաստան» կազմակերպության առաքելությունն է նպաստել թվայնացման ու տեխնոլոգիական զարգացման միջոցով Հայաստանի հզորացմանը։
Կազմակերպության www.digital-armenia.am-ում կարելի է գտնել ՀՀ-ում գործող բոլոր էլեկտրոնային հարթակները։
«Առանց թվայնացման կարող եք մոռանալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին»,-եզրափակեց Սուրեն Քրմոյանը։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: