Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ

Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 28-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և հանդիպեցին ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ։

Ռեկտորը ողջունել է ներկաներին, այդ թվում՝ Արցախից հանդիպմանն առցանց ձևաչափով միացած մասնակիցներին․ «Այս պայմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի հետ չմնաք իրական կյանքից և ես հայտնում եմ Պոլիտեխնիկական համալսարանի պատրաստակամությունը ձեր կրթության կազմակերպման գործում։ Եթե գտնում եք, որ տեխնոլոգիական բուհը կարող է ձեզ համար հետաքրքրությունների շրջանակում աջակցել, ապա անկաշկանդ դիմեք մեզ»։

Այնուհետև Գոռ Վարդանյանը ներկայացրեց իր պատեկացումները և տեսլականը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի, ինչպես նաև տեխնոլոգիաների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Ռեկտորը նշեց, որ փորձում է հակակոռուպցիոն քաղաքականությունը, կրթությունը և տեխնոլոգիաները կապել միմյանց հետ։

«Տեխնոլոգիաներն ինձ համար գործիքներ են, որպեսզի հակակոռուպցիոն քաղաքականությունն արդյունավետ լինի։ Բայց, ամեն դեպքում, գործիքը մարդկանց ձեռքերում է։ Թե ինչպես կօգտագործվի այն, կախված է մարդու բարեվարքությունից։ Իսկ բարեվարքությունն էլ կապված է իր անցած կրթական ճանապարհի հետ՝ մանկապարտեզից մինչև բուհ։ Պետք է հաշվի առնել նաև, որ մարդն առաջին հերթին կրթվում է իր ընտանիքում, իսկ հետո՝ կրթական հաստատություններում»,-նշեց նա։

Ռեկտորն անդրադարձել է նաև բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությանը։ Ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված այս մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի և կիրառելի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ 

«Բլոկչեյնի տեխնոլոգիական նպատակը տվյալը բազմաթիվ սերվերներում պահպանելն է։ Ես կարող եմ տվյալը մեկ սերվերից ջնջել, բայց հազարավոր սերվերներից չեմ կարողանա ջնջել։ Հիմա պոլիտեխնիկական համալսարանում մենք մշակում ենք դիլպոմների տվյալների բլոկչեյն համակարգով հաշվառման ձևով լուծում։ Այդպիսով, ցանկացած արձակած դիպլոմ պահպանվելու է բլոկչեյն համակարգում և դա հնարավոր չի լինելու կեղծել, փոխել և արտաքին այլ ներգործություն ունենալ դրա վրա»,-նշեց նա։

Գոռ Վարդանյանը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր ռեկտորի պաշտոնում նրա ընտրվելուն։ Նա համալսարանի ռեկտոր է ընտրվել 2021-ի մայիսին, երբ չէր լրացել անգամ նրա 30-ամյակը։

Վարդանյանը ընդգծեց՝ կարևոր է հիշել, որ մինչև ռեկտորի պաշտոնում ընտրվելն ինքը 6 տարի պաշտոնավարել է պրոռեկտորի պաշտոնում․ «Առաջին հայացքից զարմանալի է մինչև 30-ը ռեկտոր դառնալ, բայց ավելի քան զարմանալի է 23-ում պրոռեկտոր նշանակվելը»։

Նա նշեց՝ փորձել է իրեն տրված ժամանակներում մաքսիմում արդյունավետ դրսևորվել․ «Պետք է մի բան արձանագրել․ միջավայրը կարող էր այլ լինել և այս հաջողությունը ոչ թե ես ունենայի, այլ, օրինակ, տարբեր ժամանակներում Պոլիտեխնիկը չլքած այլ անձ։ Շատ կարևոր է, թե ինչ ժամանակում, ինչ պայմաններում և ինչ միջավայրում ես գտնվում»։

Գոռ Վարդանյանը ունկնդիրներին հորդորեց բարի լինել, ձեռք բերել ու պահպանել շատ ընկերներ ու փորձել բոլորի համար միայն լավը անել և կամենալ․ «Կտեսնեք՝ կյանքի ինչ-որ փուլում դա հետ է վերադառնալու»։

Դպրոցի մասնակիցները ոգևորված էին ռեկտորի հետ հանդիպումից և հույս հայտնեցին, որ հնարավորություն կունենան մինչև 9-րդ հոսքի դասընթացների ավարտը նորից այց ունենալ Պոլիտեխնիկական համալսարան։


Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.

  1. ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
  2. ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
  3. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
  4. ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից: 
  5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: