Հակակոռուպցիոն դպրոցի հրավիրյալ դասախոսը արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանն էր
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 25-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանին։
Վերջինս ներկայացրեց հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։
Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ռազմավարությունը, որպես առաջադրված խնդիր, նախատեսում է՝
- հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կառուցումը և զարգացումը,
- վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման ու շարունակական կատարելագործման միջոցով,
- հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ,
- տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի դերի բարձրացումը. բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովումը և երաշխավորումը,
- կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը, օրենսդրության շարունակական կատարելագործումը, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանման միջոցով,
- ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, միջազգային չափանիշներին դրանք համապատասխանության ապահովումը, միջազգային համագործակցության ամրապնդումը,
- հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը, ներառյալ՝ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման միջոցով, պահանջատեր քաղաքացու ձևավորումը,
- մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմի արդյունքում՝ ժամանակավրեպ միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
«Նոր իրողությունները փաստեցին, որ կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Այդուհանդերձ, քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը: Այս առումով հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունն է։ Ես այսօր կարող եմ փաստել, որ վերին օղակներում կոռուպցիա առկա չէ, սակայն նույնը չի կարելի ասել ստորին օղակների մասին։ Հուսով եմ՝ մշակված ռազմավարությունը իր մեծ նշանակությունը կունենա կոռուպցիայի դեմ պայքարում»,-Տիգրան Խաչիկյան:
Տիգրան Խաչիկյանի պնդմամբ, հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի (ների) ստեղծման թիվ առաջին խնդիրը` անկախության սահմանադրական երաշխիքների և սահմանադրական կարգավիճակի ապահովումն է:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: