Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպում ունեցան Ֆինանսների նախարարությունում
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 31-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում այցելել են Ֆինանսների նախարարություն և հանդիպել Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանի, Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի և Իրավաբանական վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ։
Դպրոցի սաներին ողջունել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը:
Ռուզաննա Գաբրիելյանը ներկայացրեց վարչության առջև դրված հիմնական խնդիրները։ Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներից մեկը ընդգծեց՝ բյուջեն ձևավորվում է քաղաքացիների և իրավաբանական անձանց վճարած հարկերից․ «Ի՞նչ է արվում հանրությանը մատչելի ու հասանելի դարձնելու համար, թե ինչի վրա է ծախսվում նրանց վճարած հարկերը։ Ինչպե՞ս եք ցույց տալիս Ֆինանսների նախարարության շոշափելի օգտակարությունը շարքային քաղաքացու կյանքում»։
Ռուզաննա Գաբրիելյանը նշեց, որ բյուջետային փաստաթղթի կարևոր և բաղկացուցիչ մասն է բյուջետային ուղերձը։ Դրանում է նկարագրվում, թե առաջիկա տարվա բյուջեն ինչին է ուղղվելու, ինչ թիրախներ է ունենալու և ինչու է այս կամ այն ոլորտը կարևորվել։
Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետը նշել է, որ նշված հարցի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան ներառված է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում, եռամսյակային բոլոր հաշվետվություններում։
««Արդյունքային ցուցանիշներ» հավելվածում ցույց է տրվում, թե որքան գումար է հատկացվել նշված խնդիրը լուծելու համար։ Շեղումների մասին նույնպես պարզաբանումներ են տրվում և նշվում՝ ինչպես է շեղումն առաջացել։ Ամենաինֆորմատիվը արդյունքային ցուցանիշներն են, որոնք փողն արդյունքի հետ են կապում»,-նշել է Ռուզաննա Գաբրիելյանը։
Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետը պատասխանեց նաև ունկնդիրների մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես բյուջեի թերակատարումներին, այնպես էլ արտաքին պարտքին և բյուջեի ձևավորմանը։
Հայկ Հարությունյանը խոսեց ֆինանսների նախարարության ընդհանուր գործառույթների մասին։ Նա անդրադարձավ բյուջետավորմանը և դրա նպատակներին․ «Բյուջետավորումը պետք է այնպես իրականացվի, որպեսզի առավելագույնս նպաստի հասարակության առջև քո ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Հանձնառությունները ձևավորվում են որոշակի երկխոսության շրջանակներում։ Այդ երկխոսությունը քաղաքական ընտրություններն են և ուժերի ներկայացրած ծրագիրը»։
Բանախոսի խոսքով՝ պետական բյուջեն ոչ միայն հետևանք է, այլ նաև միջոց է՝ Կառավարության առջև ստանձնած պարտավորությունները իրականացնելու համար։
Ունկնդիրներին առանձնահատուկ հետաքրքրեցին պետական գնումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Շահնազարյանի ներկայացրած նյութերը, ինչպես նաև ներկայացվեց armeps.am համակարգը։ Նա նշեց, որ կայքը բավականին ճկուն ֆիլտրման համակարգ ունի, որը տալիս է ցանկացած ինֆորմացիա ստանալու հնարավորություն:
«Ուղղակի պետք է դրա հետ աշխատել և օգտագործել համակարգի հնարավորությունները։ Եթե կան առաջարկներ՝ համակարգն ավելի ճկուն դարձնելու, կա անհրաժեշտություն՝ այլ պատուհաններ ավելացնելու, վերլուծություն անելու համար ինֆորմացիան այլ տրամաբանությամբ գեներացնելու, մենք պատրաստ ենք քննարկել։ Մեզ բավականին կօգնի, մենք շնորհակալ կլինենք, եթե այդ առաջարկներն ունենանք։ Ավելին՝ մենք նոր ծրագրային ապահովման մշակման գործընթացի մեջ ենք։ Բայց, կարծում եմ, այսօրվա գործող համակարգը տալիս է ինֆորմացիան ավտոմատ ստանալու, գեներացնելու, վերլուծելու հնարավորությունը»,-նշել է Շահնազարյանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկները, ինչպես նաև համակարգի արդյունքում առաջացած հարցերն ուղարկել Ֆինանսների նախարարություն։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: