Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են ՊՆ N զորամաս

Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները օգոստոսի 2-ին, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի ավարտին, այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս։

Հակակոռուպցիոն դպրոցի կազմակերպիչները՝ կարևորելով ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների ծանոթությունը զենքին և ռազմական արվեստին, Պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպել էին այցը։ 

Հաշվի առնելով այն իրադրությունը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, կարևոր է, որ յուրաքանչյուր ոք ծանոթ լինի զենքին, դրա կիրառմանը՝ պատեհ պահին իր ծառայությունը մատուցելու հայրենիքին։ 

ՊՆ N զորամասում դպրոցի մասնակիցները ծանոթացել են զենքին, սովորել կիրառել այն։


Հակակոռուպցիոն դպրոցի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկման սեմինարների միջոցով:

Այնուհետև լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից: 

Դպրոցի արտագնա փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: