«Ինքնիշխան պետությունն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք»․ Կարեն Զադոյանը հակակոռուպցիոն դպրոցում խոսել է ազգային ինքնության մասին
Օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։
Ուսուցման առաջին օրվա ավարտին ունկնդիրներն ազգային հենասյուների վերաբերյալ ինտերակտիվ քննարկում են ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ։
Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր բարդ իրավիճակում է, անգամ պետականության կորստի վտանգի առաջ է կանգնած, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է՝ շրջափակման և ցեղասպանության վտանգի մեջ է գտնվում։ Միևնույն ժամանակ, ԻՀԱ նախագահը ներկաներին հորդորել է չհուսահատվել և թևաթափ չլիներ, քանի որ դրա իրավունքը, այս պայմաններում, քաղաքացիները չունեն։
Կարեն Զադոյանն առաջարկել է ինտերակտիվ քննարկման շրջանակներում մտքեր փոխանակել հայկական մշակույթի, պետության առաջ ծառացած խնդիրների մասին, ինչպես նաև անդրադառնալ ազգային 3 հենասյուներին, որոնք են ընտանիքը, մշակույթը և հոգևորը։
«Մեր ինքնիշխան պետությունն ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք ի դեմս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Անընդհատ խոսում ենք ծովից ծով Հայաստանի, Արևմտյան Հայաստանի մասին, բայց չենք գնահատում այն փոքր տարածքը, որն ունենք․ Հայաստանն ու Արցախը իրար հետ միասին։ Ուզում եմ հարց տալ․ որքանո՞վ եք կարևորում ընտանիքի, մշակույթի և հոգևորի դերը մեր պետականության պահպանման գործում»,-դիմելով ունկնդիրներին հետաքրքրվել է Կարեն Զադոյանը։
Դպրոցի մասնակիցներից Անգելինա Միրզոևան նշել է, որ ինքն ազգային փոքրամասնության` ասորի համայնքի ներկայացուցիչն է և շատ լավ է հասկանում, թե ինչ դժվար և ցավոտ է սեփական պետության կորուստը։ Նրա հայրը ասորի է, մայրը՝ հայ։
«Մեզ փոքրուց սովորեցրել են, որ մենք ենք մեր մշակույթը պահպանողները։ Ասորիները շուրջ 3500 տարի է՝ պետություն չունեն, բայց հպարտ եմ, որ մենք պահել ենք մեր լեզուն, մեր գիրը, գրականությունը, պարերը։ Այսինքն, այն ամենը, ինչը մեր մշակույթի մեծ մասն է կազմում։ Եվ հիմա, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ցավ եմ ապրում, երբ ՌԴ-ից ՀՀ ժամանած մեր բարեկամները չեն կարողանում հաղորդակցվել հայերենով»,-նշել է Անգելինան՝ հավելելով, որ ինքը Հայաստանն իր հայրենիքն է համարում և չի ուզում, որպեսզի երկիրն արժանանա Ասորեստանի ճակատագրին։
Թեմայի մասին իր կարծիքը հայտնեց նաև դպրոցի ունկնդիրներից Արամ Խաչատրյանը, ով ծնունդով Արցախից է․ «Հայ լինելը պետք է դառնա մեզ համախմբող ամենամեծ ուժը։ Մարդը մարդ է իր հիշողություններով, պատմական անցյալով»։
Դպրոցի ունկնդիրները քննարկման ընթացքում կարևորել են ներքին հանրային հաշտությունը՝ պետականության պահպանման համատեքստում։ Նրանք խոսել են նաև պետականության կորստին նպաստող գործոնների, ՀՀ-ի վրա արտաքին ազդեցությունների մասին և ընդգծել ազգային ինքնության, մշակույթի պահպանման կարևորությունը։
«Շատ ազգեր կան, որոնք պատմության թատերաբեմում մեծ ազդեցություն են ունեցել, սակայն այսօր ուղղակի դուրս են մղվել և ներկայացվում են որպես ազգային փոքրամասնություններ։ Կարևորը այն մարդիկ են, ովքեր ապրում և արարում են Հայաստանում՝ ի պաշտպանություն և ի բարօրություն մեր պետականության»,-իր խոսքը եզրափակելով նշել է ԻՀԱ նախագահը։