Ազդարարման համակարգը և ազդարարման էլեկտրոնային հարթակները․ հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա ուսուցման փուլի 2-րդ օրը
Օգոստոսի 14-ին շարունակվեց Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը․ օր 2-րդ։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանն ունկնդիրներին ներկայացրեցին ազդարարման համակարգը։
Ազդարար կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց նաև ազդարարման եղանակները։ Դրանք են՝ բաց, փակ և գաղտնի։ Ազդարարումը կարող է իրականացվել ներքին և արտաքին, ինչպես նաև հանրությանը։
«Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին հաղորդում ներկայացնելով: Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը պետք է միջոցներ ձեռնարկի ազդարարին պաշտպանելու համար»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե ազդարարը հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա դադարում է ազդարարին պաշտպանության տրամադրումը։
Արտաքին ազդարարման դեպքում, ազդարարումը տրվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով:
Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը։ Այս դեպքում, եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա այդ մասին տեղեկացվում է Գլխավոր դատախազությունը:
Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ եթե ներքին և արտաքին ազդարարումների դեպքում ներկայացված ազդարարումները ընթացք չեն ստացել, ապա ազդարարը իր հաղորդումը կարող է ներկայացնել զանգվածային լրատվության միջոցներով։ Այս դեպքում կախված ազդարարման բովանդակությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ իրավապահ մարմինները պարտավոր են ընթացք տալ ԶԼՄ-ներով հրապարակված ազդարարմանը, հարուցել վարույթ և պահպանել դրա գաղտնիությունը։
«Ազդարարը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է և ոչ միայն նա, այլ նաև նրա ընտանիքի անդամները։ Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով տեղեկություններ տալ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման վերաբերյալ։ Ազդարարումը կարող է վերաբերել նաև պաշտոնատար անձի վարքագծի կանոնների, հայտարարագրման հետ կապված խախտման մասին: Միասնական հարթակի միջոցով ազդարարելու դեպքում պետությունը պետք է երաշխավորի ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը»,-նշեց հակակոռուպցիոն փորձագետը։
Կարևոր է հիշել, որ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
Հայաստանում ազդարարման էլեկտրոնային հարթակները մի քանիսն են․ azdararir.am, bizprotect.am և employeeprotect․.am-ը։
2-րդի մասին ավելի մանրամասն խոսեց Արկադի Սահակյանը։ Bizprotect.am կայքը հնարավորություն է տալիս ահազանգել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին, որից հետո մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան:
«Կայքը հնարավորություն է տալիս խնդրի մասին տեղեկացնելու նաև անանուն: Կայքի ստեղծողները միջազգային ստանդարտներն ու փորձը հաշվի առնելով հոգացել են, որպեսզի որևէ մեկը, անգամ իրավապահները, չկարողանան հայտնաբերել ահազանգի հեղինակին»,-նշեց նա և մանրամասն ներկայացրեց կայքի միջոցով ազդարարում ներկայացնելու քայլերը։
Արկադի Սահակյան ընդգծեց․ կայքը ստեղծվել է բիզնեսի կողքին լինելու համար։
«Շատ կարևոր է, որ այս կայքով մենք կարողացանք որոշակի թափանցիկություն ապահովել մեր պետական մարմինների հետ աշխատանքում, որովհետև կայքը հնարավորություն տվեց բիզնես ներկայացուցիչներին արագ կապ հաստատել և յուրաքանչյուր խախտում ազդարարել»,-նշեց նա։
Այնուհետև Սյուզաննա Սողոմոնյանը գործնական աշխատանքի շրջանակներում առաջարկեց ազդարարման համակարգի հանրային իրազեկման պլան նախագծել և այդ պլանի գործողություններից մեկով իրազեկող տեսանյութ պատրաստել։ Ունկնդիրները բաժանվեցին 4 խմբերի և ներկայացրին իրենց աշխատանքները։
Խմբերը հանդես եկավ նոր առաջարկություններով, գեներացրին նոր գաղափարներ, որոնք կարող են նպաստել Հայաստանում կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարի խթանմանը և նպաստել ազդարարման համակարգի զարգացմանը։
Վերջում Արկադի Սահակյանը դպրոցի ունկնդիրներին հորդորեց ուժեղ լինել, չշեղվել նախանշված ուղուց և ջանք չխնայել ամենամեծ չարիքների մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարում։