Բարեվարքությունը հանրային և մասնավոր հատվածներում․ հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա ուսուցման փուլի 2-րդ օրը
Օգոստոսի 14-ին շարունակվեց Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը․ օր 2-րդ։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկաներին ծանոթացրեց բարեվարքության վերաբերյալ կարգավորումներին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում։
Բանախոսը նշեց, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ բարեվարքությունը հետևյալ 4 սկզբունքների ամբողջությունն է․ թափանցիկություն և հաշվետվողականություն, արհեստավարժություն (կոմպետենցիա), էթիկա և այս ամբողջի վերջնարդյունքը՝ հակակոռուպցիոն վարքագիծ։ Նա խոսեց շահերի բախման, հանրային ծառայողների և պաշտոն զբաղեցնողների համար արգելված և թույլատրելի նվերների մասին։
«Վերջիններս պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում: 40 հազար դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական, օրենքի իմաստով՝ 5 և ավելի, բնույթ կրող դեպքերի։ Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։
Կարգավորումների առումով տարբերվում են դատավորների համար թույլատրելի նվերները։ Դրանց արժեքը չի կարող գերազանցել 60 հազար դրամը:
Բարեվարքության ստուգման համատեքստում կարևոր է հայտարարագրերի ուսումնասիրությունը։ Հայտարարատուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում իր գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ ամբողջ տեղեկությունը։
Հակակոռուպցիոն փորձագետի խոսքով՝ հայտարարատու են համարվում նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամները, նրա հետ փոխկապակցված անձինք։
«Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը:
Բարեվարքության պատասխանատուներ են համարում ինչպես հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները, այնպես էլ բարեվարքության հարցերով կազմակերպիչները։
Մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն գործիքների ներդրումը կարևոր է բիզնեսի համար, եթե վերջինս ուզում է նվազեցնել ընկերության՝ պատասխանատվության ենթարկվելու ռիսկերը, ինչպես նաև խթանում է բիզնես միջավայրի բարելավումը և ազատ տնտեսական մրցակցությունը։ Նման ծրագրի ներդնումը կօգնի բիզնեսին նաև գործարար համբավին վնասի հասցման ռիսկի նվազմանը»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը՝ խոսելով հակակոռուպցիոն ծրագրերի ներդրման մասին այն դիտարկելով նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի մասին։
Այնուհետև փորձագետն առաջարկեց ունկնդիրներին հարցաշար լրացնել, որի միջոցով ստուգվեցին կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող մարմինների գործառույթների և գործունեության վերաբերյալ նրանց ստացած գիտելիքները։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: