Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկեցին կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների տեսակները
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների տեսակները:
Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Առնոլդ Վարդանյանը, որը նաև եղել է հակակոռուպցիոն դպրոցի առաջին հոսքի շրջանավարտ, ներկայացրեց կոռուցիոն բնույթ ունեցող հանցագործությունների քրեաիրավական որակման առանձնահատկությունները և խոսեց դրանց վերաբերյալ արդի հիմնախնդիրների մասին: Բանախոսը մանրամասն անդրադարձ կատարեց ապօրինի հարստացման, փողերի լվացման, կաշառք տալու և ստանալու վերաբերյալ հանցակազմերի առանձնահատկություններին՝ ներկայացնելով նաև դատական պրակտիկան, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Առնոլդ Վարդանյանն ունկնդիրներին նաև ներկայացրեց անմեղության կանխավարկածի և փաստերի իրավական կանխավարկածի հարաբերակցությունը, անդրադարձավ քրեական դատավարությունում անձի մեղավորության ապացուցման բեռի վերաբերյալ տեսական և գործնական մոտեցումներին:
Դասի ավարտին բանախոսն ունկնդիրների հետ քննարկման առարկա դարձրեց «կարծեցյալ միջնորդի» արարքը որպես կաշառք տալու դրդչություն և խարդախություն որակելու քրեաիրավական առանձնահատկություններին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: