«Հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում դուք անհասանելի մարդկանց եք հասանելիություն ունեցել»․ ոչ ֆորմալ կրթության մասին բանախոսել է Արեգ Թադևոսյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։

Առաջին օրվա մեկնարկը տվել է  «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը, ով ունկնդիրների համար բանախոսել է կարողունակությունների վրա հիմնված ուսուցման և ոչ ֆորմալ կրթության ունիվերսալ մեթոդների թեմաներով։

Նա նշեց, որ չնայած դպրոցի անվանման մեջ «հակակոռուպցիոն» բառը կա, սակայն այն հոլիստիկ կրթություն է, որը հավաքված է կոռուպցիայի դեմ պայքարի առանցքի շուրջ․ «Այս «գլխարկի» տակ ինքն ամբողջական կրթության տեսակ է և շատ արժեքավոր է։ Այնքան շատ բան եք արել, որ լրիվ այլ որակ է տալիս այս դասընթացին»։ 

Արեգ Թադևոսյանն անդրադարձավ նաև դասընթացի շրջանակներում տարբեր մարմիններ ու կառույցներ այցերին, կարևորեց դրանց դերը ունկնդիրների մոտ առաջացած հարցերը երես առ երես տալու, քննարկելու առումով․ «Ես շատ մարդկանց գիտեմ Հայաստանում, ովքեր մի քանի տարի է պայքարում են՝ Վեհափառի հետ հանդիպելու համար։ Այս դպրոցի շրջանակներում դուք անհասանելի մարդկանց հասանելիություն եք ունեցել»։

Խոսելով կարողունակությունների վրա հիմնված ուսուցման մասին՝ բանախոսը նշեց, որ կարողությունը դա 4 որակների համատեղ առկայությունն է․ դրանք են՝ գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքը։  Կարողունակությունը չի կարելի համարել վերջնականորեն ձևավորված որևէ արդյունք: Վերջինիս ձևավորումն պարբերական գործընթաց է, որի ժամանակ այն անընդհատ կարող են կատարելագործվել: Կարողունակությունների ձևավորումը սկսում է վաղ մանկությունից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Դասախոսության այս մասին ծանոթանալուց հետո ունկնդիրները 4 խմբի բաժանվեցին և կառուցեցին իրենց կարողությունների սանդղակը, որի համար յուրաքանչյուրը իր թիրախային խումբն ընտրեց։ 

Խմբային աշխատանքը կատարելուց և այն վերլուծելուց հետո Արեգ Թադևոսյանը սահուն անցում կատարեց ոչ ֆորմալ կրթության ունիվերսալ մեթոդներին։ 

Բանախոսը դրանք առանձին-առանձին ներկայացրեց և հանձնարարեց նախորդ խմբային աշխատանքի ժամանակ նախագծած պլանն իրագործել նշված մեթոդներից մեկով կամ երկուսով։ Այսինքն, ուկնկնդիրները որոշեցին իրենց թիրախային խումբը, հասկացան նրանց յուրահատկությունները, պարզեցրին իրենց ուսուցողական խնդիրները և ընտրեցին մեթոդ(ներ)ը, որոնցով պետք է այդ խնդիրները լուծվեն։

Խմբերից մի քանիսի աշխատանքը բավականին բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Ներկաները միասին փորձեցին լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին խմբային աշխատանքի ժամանակ։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: