Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների ուսումնառությունն ավարտվեց եզրափակիչ` արտագնա ուսուցման փուլով։ 2 ամիս ոլորտի վերաբերյալ խորքային գիտելիքներ ստանալուց, մի շարք պետական և ոչ առևտրային կառույցներ այցելելուց հետո նրանք Աղվերանում ներկայացրին իրենց անհատական հետազոտական և խմբային աշխատանքները։
Շուրջ 20 ունկնդիրներ նշված 3 թեմաներով ինչպես անհատական աշխատանքներ էին պատրաստել, այնպես էլ հանրային իրազեկում անցկացրել։ Թեմաներն էին՝
- Հակակոռուպցիոն կրթություն․ մարտահրավերները և լուծումները,
- Ազդարարման համակարգ․ մարտահրավերնեը և լուծումները,
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտ․ մարտահրավերները և լուծումները։
Ունկնդիրները վերլուծել էին ինչպես միջազգային, այնպես էլ ազգային փորձը, հանդես եկել ոլորտը կարգավորող նոր առաջարկություններով։
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր, ուսուցչուհի Ծովինար Սահակյանի ավարտական աշխատանքի թեման ազդարարման համակարգն էր։ Իր խոսքում նա նշել է, որ համակարգի չկայացած լինելու համար «մեղավոր» են նաև պաշտոնյաները․ «Երկրի բարձր ամբիոնից անգամ հնչել է, որ օրենքը «գործ տվողների» շահերի պաշտպանությանն է ուղղված»։
Ծովինար Սահակյանն այս թեմայով հանրային իրազեկումն անցկացրել է իր աշխակերտ8ների շրջանում։ Նշում է, որ իր անձնական մոնիթորինգի արդյունքներով՝ կոռուպցիայի դեմ պայքարում չներգրավվելու պատճառն անտարբերություն է երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ․ «Հակակոռուպցիոն պայքարում մեխը կրթությունն է և պահանջատիրությունը՝ վարչակազմի նկատմամբ»։
Իրավագիտության 4-րդ կուրսի ուսանող Կիմա Դավոյանի ավարտական աշխատանքի թեման ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտն էր։ Նա միջազգային փորձի խորը վերլուծություն էր կատարել։
«Հատկապես հետաքրքրական էին Շվեյցարիայի և Եգիպտոսի օրինակները։ Մինչև 2011 թվականը Եգիպտոսում կոռուպցիոն դրսևորումները լայն տարածում ունեին, ինչը, ի վերջո, հանգեցրել էր հեղափոխության։ 2011-ին մի շարք օրենքներ ու իրավական ակտեր ընդունվեցին, որոնք վերաբերում ինչ կոռուպցիայի դեմ պայքարին։ Այդ իրավական ակտերի թվում էր նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը»,-նշում է նա։
Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ Աննա Գրիգորյանի ավարտական աշխատանքն առանձնանում էր գործնականում կիրառելու համար մտածված, հետաքրքիր առաջարկություններով։ Թեմային ծանոթ չի եղել, երբ որոշել է ընդունվել դպրոց, սակայն ընթացքում որոշել է հենց այս թեմայով գրել իր վերլուծությունը։ Չնայած թեման մեծ պահանջարկ չուներ, սակայն Աննան ի սկզբանե հենց այս մեկն էր ընտրել։
«Ինձ թվում է՝ եթե մյուս 2 թեմաներով էլ սկսեի գրել, միևնույն է, վաղ թե ուշ, անդրադառնալու էի հակակոռուպցիոն կրթությանը։ Ես գտնում եմ, որ ցանկացած ոլորտում բարեփոխում կատարելու համար պետք է սկսենք կրթությունից»,-նշում է նա։
Ավարտական աշխատանքները ներկայացնելու հետո Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգող Անահիտ Մարդոյանը ունկնդիրներին փոխանցեց Հակակոռուպցիոն դպրոցի ավարտական հավաստագրերը։
Մասնակիցները նշում են, որ Հակակոռուպցիոն դպրոցն իրենց շատ բան է տվել․ ինչպես գիտելիքի, այնպես էլ առաջնորդության, բարեվարքության, ազգային ինքնության հենասյուների և ինքնազարգացման առումով։ Ունկնդիրներից Լուսինե Քևնակսզյանը նշում է, որ ամենից շատ դպրոցում գնահատում է մասնակիցների նկատմամբ ոչ խտրական մոտեցումը։
9-րդ հոսքի շրջանավարտները կիսվել են նաև իրենց դիտարկումներով և տեսլականով՝ դպրոցի հետագա հոսքերի ուսուցման պլանի կազմման վերաբերյալ:
Շուտով կհայտարարվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հոսքի` 2023 թվականի ընդունելությունը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: