Իրավաբանների հայկական ասոցիացիան և Թվային Հայաստանը համագործակցության համաձայնագիր կնքեցին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և «Թվային Հայաստան» հասարակական կազմակերպությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, համագործակցության համաձայնագիր են կնքել։

«Տարիներ շարունակ եղած համագործակցությանը որոշեցինք վերջապես տալ փաստաթղթի տեսք և շատ հավակնոտ ծրագրեր ունենք։ Կփորձենք ուժերը համատեղելով դրանք իրականացնել»,-ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։

Շարունակվելու են աշխատանքները հանրային կառավարման, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում, ինչպես նաև թվային իրավունքների ոլորտում՝` օգտագործելով թվային նորարար  տեխնոլոգիաները։

«Մեր թվային դարում էլեկտրոնային գործիքների կիրառումն այլընտրանք չունի և ապահովում է մեծ արդյունավետություն՝ թե՛ պետական մեխանիզմների արդյունավետ գործունեության մեջ, թե՛ հասարակության զարգացման»,-ասաց «Թվային Հայաստան» ՀԿ նախագահ Սուրեն Քրմոյանը։

Համագործակցությունը նպատակ ունի․

  • համախմբել քաղաքացիական հասարակության մասնագիտական կառույցների հավաքական ջանքերը հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտներում ռազմավարության մշակման, դրա իրականացման, իրազեկման և մշտադիտարկման ու գնահատման նպատակով,
  • աջակցել հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտներում իրականցվող բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը` թվային նորագույն տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման, ինչպես նաև ոլորտային օրենսդրության լավարկման միջոցով,
  • հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների, այդ թվում թվային իրավունքների ոլորտներում բարձրացնել քաղաքացիների իրազեկության մակարդակը:

Կազմակերպությունները կհամագործակցեն հետևյալ ուղղություններով և ձևերով.

– համակարգել Կողմերի աշխատանքները, դիրքորոշումները և ջանքերը հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտներում ստեղծված պետական-քաղաքացիական հասարակության կազմակերպություների ներկայացուցիչներից ձևավորված համակարգման և աշխատանքային մարմիններում. 

– հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտներում իրականցվող բարեփոխումների համար պատասխանատու պետական մարմիններին տրամադրել ոլորտային փորձագիտական աջակցություն ոլորտային ռազմավարությունների, ինչպես նաև դրանցից բխող կառուցակարգերի, իրավական ակտերի մշակման գործում, 

– իրականացնել հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտներում իրականցվող բարեփոխումների թվային նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված իրազեկման աշխատանքները,

–  իրականացնել հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտների ռազմավարությունների և դրանից բխող բարեփոխումների, գործողությունների և կառուցակարգերի թվային նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված այլընտրանքային մշտադիտարկումներն ու գնահատումները, հրապարակել դրանց այլընտրանքային զեկույցները.

– հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների, այդ թվում թվային իրավունքների ոլորտներում կազմակերպել ոլորտային ուսուցումներ, սեմինարներ, աշխատանքային քննարկումներ, համաժողովներ, գիտաժողովներ, դպրոցներ և մասնագիտական այլ միջոցառումներ,

– Iravaban.net կայքում գործարկել «Քո թվային իրավունքները» իրազեկման նախագիծը, մշակել և հանրայնացնել հանրային կառավարման, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների, այդ թվում թվային իրավունքների ոլորտների նորարար և մատչելի մեդիա արտադրանքներ, իրականացնել ոլորտային արշավներ: